ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ծրագրի մասնակիցները՝ օպերային մեներգիչներ Սիլվա Պետրոսյանը, Նունե Գրիգորյանը, Օֆելյա Համբարձումյանը և Գագիկ Վարդանյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ հանդիպման նպատակն է հերթական անգամ անդրադառնալ արվեստագետների մասնագիտական ձեռքբերումներին, տարբեր հեղինակավոր հարթակներում նվաճումներ գրանցած արտիստների խրախուսման ու գնահատման մոդելին, ինչպես նաև վերհանել առկա խնդիրներն ու քննարկել անելիքները:

Լևոն Ջավադյանը հանգամանորեն ներկայացրել է 2020-2023 թթ. երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցների գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները միջազգային հեղինակավոր մրցույթներում և փառատոներում:

Դանիել Դանիելյանը բարձր է գնահատել երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցների ձեռքբերումները՝ շեշտելով, որ արտիստների ծավալած գործունեությունն ու ներդրած ջանքերն անչափ կարևորվում են պետության կողմից: Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարությունը վերջերս հավանության է արժանացրել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագիրը:

«Դրամական խրախուսում է սահմանվել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար: Այն միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը: Ցանկում ընդգրկված են ավելի քան 150 փառատոներ, մրցույթներ ու մրցանակաբաշխություններ: Միջազգային հեղինակավոր մրցույթները և փառատոները պետք է պարտադիր համապատասխանեն որոշակի չափորոշիչների: Հորդորում եմ ակտիվորեն մասնակցել միջազգային փառատոներին և մրցույթներին. մրցելով՝ փորձառություն ձեռք բերեք, ընդլայնեք ձեր մտահորիզոնը, հնարավորություններն ու կարողությունները: Այդ մասնակցությունը նաև հնարավորություն է տալիս հանրահռչակել հայ կատարողական արվեստը, և այն առավել ճանաչելի դարձնել աշխարհում»:

Հանդիպմանը ներկա մեներգիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, վերջին տարիների հաջողություններն ու ձեռքբերումները: Նրանք վստահություն են հայտնել, որ մասնակցելով բազմաթիվ միջազգային մրցույթների և փառատոների՝ շարունակելու են կատարելագործվել և հանրահռչակել հայկական մշակույթն ու արվեստը հեղինակավոր տարբեր հարթակներում: