ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ գործադիրը 279 մլն 954 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշմամբ թե՛ Կառավարության ծրագրով, թե՛ սպորտի զարգացման ռազմավարությամբ սահմանված կարևոր քայլ է իրականացվում, որտեղ առանձնահատուկ շեշտադրվում է խաղային մարզաձևերի զարգացման անհրաժեշտությունը: Այդ նպատակով 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով նախորդ տարի արդեն հաստատվել են մարզերում երկու ֆուտբոլային ստադիոնների նախագծման և կառուցման աշխատանքները, իսկ ակադեմիական քաղաքի հատակագծում տեղ է գտել Ազգային մարզադաշտը: Այժմ արդեն խաղային մարզաձևերի զարգացման նոր հնարավորություն է ձևավորվում:

«Վերջին տարիներին հատկապես հաջող է հանդես գալիս Հայաստանի ֆուտզալի հավաքականը, որն այժմ տեղ է գտել Եվրոպայի 20 լավագույն հավաքականների վարկանիշային ցանկում: Նախորդ տարի էլ մեր ընտրանին առաջին անգամ մտավ ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու էլիտ ռաունդի եզրափակիչ փուլ, ընդ որում՝ հաղթանակի հասնելով ընտրական փուլի 7 խաղում անընդմեջ: Այժմ խաղային մարզաձևերի զարգացման նոր հնարավորություն է ձևավորվում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարին:

Նախարարը տեղեկացրել է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում: Արդյունքում՝ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համապատասխան բարեկարգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել՝ հատկապես լուսային հատվածի և հանդերձարանների մասով:

Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացումը կնպաստի մարզաձևի առավել տարածմանն ու մասսայականացմանը մեր երկրում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դպրոցներում ևս այն խրախուսվում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցաշինության և մարզադպրոցների կառուցման ու վերակառուցման ծրագրերը կնպաստեն մարզաձևերի՝ նոր թափով զարգացմանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տոմսերի էլեկտրոնային վաճառքը կմեկնարկի վիճակահանությունից հետո: Տոմսերի արժեքը կտատանվի 1000-5000 դրամի սահմաններում:

«Սպասում ենք մեծ թվով երկրպագուների՝ հաշվի առնելով այն, որ մասնակից թիմերը բավականին հայտնի են: «Պալմա Ֆուտզալի» կազմում էլ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը՝ Լուան Բարբոսան, որը ճանաչվել էր 2022/23 խաղարկության եզրափակչի լավագույն խաղացող: Արդեն իսկ 50 երկիր Հայաստանից հեռարձակում իրականացնելու իրավունք է ձեռք բերել, բայց ՀՖՖ գործընկերների հավաստմամբ՝ այդ թիվը կգերազանցի 70-ը: Սա շատ հայտնի մրցաշար է, որն ունի երկրպագուների մեծ բանակ: Ընդ որում՝ հազվադեպ է լինում, երբ եզրափակչի անցկացումը վստահում են մի երկրի, որը ներկայացուցիչ չունի «4-ի եզրափակչում»,- ներկայացրել է Արայիկ Հարությունյանը:

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակչին» կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»: Խաղերի վիճակահանությունը կկայանա մարտի 14-ին՝ Երևանում: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Բոլոր հանդիպումները կանցկացվեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: