Հայաստանի թենիսի մինչև 14 և մինչև 12 տարեկանների հավաքականները մարտի 3-14-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ միջազգային մրցաշարերի են մասնակցում Թուրքիայի Անթալիա քաղաքում:

Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Առնո Ավետիսյանը, Խաչատուր Ավետիսյանը, Մարիա Ազիզյանը և Գայանե Բզնունին: Հայ պատանի թենիսիստները մրցավայր են մեկնել մարզիչ Միքայել Ավետիսյանի գլխավորությամբ:

Մինչև 12 տարեկանների հավաքականն էլ երկու մարզիկով Անթալիայում մասնակցում է ուսումնամարզական հավաքի և միջազգային մրցաշարի: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են Սամվել Գևորգյանը և Վերա Մարտիրոսյանը: Մարզիչներն են Օֆելյա Պողոսյանն ու Էրիկ Երեմյանը:

Մրցաշարերին մասնակցում են նաև Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Թուրքիայի և այլ երկրների ներկայացուցիչներ: