ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է 2020-2023 թթ. միջազգային մրցույթների և փառատոների դափնեկիր Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի արտիստներին և մեներգիչներին:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է՝ նմանատիպ հանդիպումների նպատակը մասնագիտական նվաճումներ գրանցած անձանց խրախուսումն ու գնահատումն է, առկա խնդիրների վերհանումը, որը կրելու է շարունակական բնույթ:

«Պետությունը շատ է կարևորում ձեր ծավալած գործունեությունն ու ոլորտում ներդրած ջանքերը, քանի որ դուք եք մեր մշակույթի այսօրվա հիմնասյունը, և ձեզնով է կերտվում ապագան: Մեր մեծերի փորձառության ու թողած արժեքների հիման վրա ստեղծե՛ք նորարար արժեքներ և ցո՛ւյց տվեք մեզ առաջընթացի ճիշտ ուղղությունները,- ասել է Դանիել Դանիելյանը և հավելել,- միջազգային մրցույթներին ու փառատոներին մասնակցությամբ դուք մրցում եք ամբողջ աշխարհի հետ՝ ընդլայնելով ձեր մտահորիզոնն ու կարողությունները, հանրահռչակելով հայ կատարողական արվեստը: Դա հնարավորություն է նաև մշտապես սովորելու և ինքնակրթվելու»:

ԿԳՄՍ փոխնախարարն արտիստներին տեղեկացրել է նաև, որ Կառավարությունը վերջերս հավանության է արժանացրել «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագիրը» հաստատելու մասին որոշման նախագիծը: Նրա խոսքով՝ առաջարկվում է դրամական խրախուսում սահմանել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար: Նախագծի նպատակն է արժևորել մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնել գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստել մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև այս ոլորտում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը:

Հանդիպմանը ներկա բալետային խմբի արտիստները և մեներգիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, վերջին հաջողությունները, ինչպես նաև առաջարկներն ու իրենց մտահոգությունները ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: Նրանք վստահություն են հայտնել, որ մասնակցելով բազմաթիվ միջազգային նախագծերի ու մրցույթների՝ շարունակելու են կատարելագործվել և հանրահռչակել հայկական մշակույթն ու արվեստը: