Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաքի» մշակութային և կրթական կլաստերների ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները՝ այդ թվում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող GMP International GmbH Architects and Engineers ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

GMP միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը նշել է, որ կլաստերները նախագծվել են՝ հետագայում զարգանալու և ընդլայնվելու հնարավորությամբ: Նրա խոսքով՝ տարածքը հարթ չէ, առկա է թեքություն և մատչելիության ապահովման խնդիր: «Պետք է մուտք և մատչելիություն ապահովենք դեպի բոլոր շենք-շինություններ: Ունենք երկու տարբեր կլաստերներ, կրթական և մշակութային, այնուհետև կենտրոնական տարածք, որը հետիոտնի համար լինելու է առանց որևէ երթևեկության: Փորձել ենք բաշխել շենք-շինություններն այնպես, որ հրապարակների շուրջ կառուցվեն գրավիչ տարածքներ: Շրջապատող ճանապարհները և կանաչ տարածքները կողմնորոշված են դեպի կենտրոնական մուտքեր, կլինեն կանաչ տարածքներ, այգիներ, աջակցող օբյեկտներ և հիմնական կառույցներ: Մարդիկ պետք է այնտեղ իրենց հարմարավետ զգան, ուստի պետք է նաև կանաչ գոտիներ, ջրային տարածքներ բերենք Ակադեմիական քաղաք»,- նշել է Ստեֆան Շուտցը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշել է, որ անցնող ժամանակահատվածում համալսարանի կողմից կատարվել են հաշվարկներ՝ Ակադեմիական քաղաքի համար պահանջվող կոմունալ ռեսուրսների վերաբերյալ:

Միաժամանակ, ռեկտորը հավելել է, որ մշակել են դեպի Ակադեմիական քաղաք ճանապարհների առաջարկ-կոնցեպտ, որը քննարկվել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հետ: Կոնցեպտում ներկայացված են առավելագույն բոլոր հնարավորությունները:

«Կոնցեպտի համաձայն՝ Ակադեմիական քաղաք տրանսպորտային միջոցների մուտքը պետք է հնարավորինս սահմանափակել, նախատեսված է, որ մարզերից դեպի Ակադեմիական քաղաք գնացող տրանսպորտային հոսքը չլինի Երևանի միջոցով՝ հնարավորինս փորձելով խուսափել խցանումներից»,- ասել է նա:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ տրանսպորտային համակարգի առումով կոնցեպտի հիմքում երկու բան է դրված: «Նախ Երևանը լրացուցիչ չծանրաբեռնել, երկրորդը՝ հնարավորինս շատ ճանապարհներով մոտենալ Ակադեմիական քաղաքին: Կիսում ենք շրջանաձև ճանապարհի գաղափարը, որը հավելյալ հնարավորություններ է տալիս»:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը ողջունել է շրջանաձև երթևեկության գաղափարը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել դեպի Ակադեմիական քաղաք մետրոյի, երկաթուղու և էլեկտրական տրանսպորտի երթևեկության կազմակերպման հնարավորություններին վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ճանապարհային ենթակառուցվածքների հարցերին ավելի մանրամասն և հիմնավոր լուծում տալու համար իրականացնել ուսումնասիրություն և ներկայացնել տեխնիկատնտեսական հիմնավորում:

Քննարկվել են նաև Ակադեմիական քաղաքին հարակից «Հայֆիլմ» կինոստուդիայի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցեր: