Եվրոպական միության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջև ստորագրվել է համաձայնագիր՝ ազդարարելով EU4Education Reforms ծրագրի մեկնարկը, որը միտված է նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը:

Եվրոպական միության բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կտրամադրի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ կրթության որակի բարձրացման, ենթակառուցվածքների բարելավման և կրթության հասանելիության ու մատչելիության բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերում:

Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Քիրալին, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, շահագրգիռ կողմերի այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Եվրամիության հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը՝ աջակցելու Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որը, նախարարի գնահատմամբ, ՀՀ կառավարության գերակայությունների շարքում է և մշտական ուշադրության կենտրոնում:

Ժաննա Անդրեասյանը նշել է՝ վերջին տարիներին կրթության ոլորտում մեծ թափով ընթացել են բարեփոխումներ, որոնք ուղղված են եղել կրթության որակի բարձրացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և կրթության հասանելիության ու մատչելիության բարձրացմանը: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ոլորտում կատարվող բարեփոխումները և սահմանված նպատակներին հասնելուն ուղղված քայլերն ավելի համակարգված իրականացնելու նպատակով 2023 թվականին հաստատվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» գործողությունների ծրագիրը, որով սահմանված են կրթության բոլոր մակարդակներում պետական քաղաքականության հստակ թիրախներ և ժամանակացույց՝ համահունչ ՄԱԿ-ի Կայուն զարգացման 4-րդ նպատակի թիրախներին:

«Կրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց իրականացումը պլանավորվում են պետական բյուջեում, և այդ միջոցները նշանակալիորեն ավելացել են, սակայն Եվրոպական միության բյուջետային աջակցությունը փոխլրացնում է դրանք և նպաստում աշխատանքների արդյունավետ իրագործմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նշենք՝ Եվրոպական միության բյուջետային աջակցության համաձայնագիրն ընդգրկում է Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցներն ու Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքների 13 հանրակրթական ուսհաստատությունները: Ընդհանուր առմամբ՝ մինչև 337 դպրոցներ կունենան վերանորոգված և կահավորված ԲՏՃՄ լաբորատորիաներ, վերապատրաստված ուսուցիչներ և վերապատրաստման նորացված մեթոդաբանություն:

Այն աջակցելու է ՀՀ կառավարության գործողությունների ծրագրի իրականացմանը՝ ներառյալ դպրոցների կառուցումն ու վերանորոգումը: Համագործակցության շրջանակում աշխատանքներ են իրականացվելու նաև աշակերտների ուսումնառության արդյունքների գնահատման ազգային համակարգի բարելավման ուղղությամբ:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ լրացուցիչ տեխնիկական աջակցությունը կապահովի «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» արդյունավետ իրականացումը:

ԿԳՄՍ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակությանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գրասենյակին՝ կրթության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության, մշտական և արդյունավետ համագործակցության համար:

«EU4Education բարեփոխումների միջոցով Եվրամիությունը Հայաստանի Հանրապետությանը կօգնի զարգացնելու լավ կառավարվող կրթական համակարգ՝ հարմարեցված երիտասարդության և աշխատաշուկայի կարիքներին: Երկարաժամկետ հեռանկարում մենք հույս ունենք նվազեցնելու երիտասարդների գործազրկությունը և ունենալու կենսունակ, լավ կրթված և պատրաստված աշխատուժ, որն ունակ է նպաստելու Հայաստանի զարգացմանը և կանաչ ու թվային օրակարգին անցնելուն»,- նշել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Քիրալիի խոսքով՝ Հայաստանի կրթական համակարգի արդյունավետ գործունեությանն աջակցելը վաղուց առաջնահերթություն է Եվրամիության համար. «Որակյալ կրթության հասանելիությունը կայուն և բարգավաճ հասարակության հիմքն է, որը հատկապես կարևոր է գյուղական բնակավայրերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող այս համատեղ ծրագիրը վճռորոշ է լինելու կրթության ազգային նոր ռազմավարության առաջմղումը շարունակելու գործում՝ աջակցելով նաև ուսուցիչներին և սովորողներին՝ առաջնորդություն ստանձնելու և կրթական բարեփոխումներին նպաստելու հարցերում»:

Ներկաներին ողջունել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը. «Մեր մոտեցումն առաջնահերթություն է տալիս տվյալահենք որոշումների կայացմանը, քաղաքականության շահերի պաշտպանությանը և երիտասարդության բովանդակալից ներգրավվածությանը: ԵՄ-ի հետ համատեղ մեր ընդհանուր նպատակն ավելին է, քան կրթական որակի բարելավումը. խոսքը փոփոխություն բերող ուժեղ սերունդ դաստիարակելու մասին է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանձնառու է աջակցելու ՀՀ ջանքերին՝ արդիականացնելու իր կրթական համակարգը՝ բոլոր երեխաների և երիտասարդների համար ներառական որակյալ կրթություն ապահովելու նպատակով»: