ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչները՝ տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանի գլխավորությամբ, մասնակցել են Բեռլինի 74-րդ միջազգային կինոփառատոնին կից ամենամյա Եվրոպական կինոշուկային։

Հայկական տաղավարն այս տարի նվիրված էր աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին: Ձևավորումն անչափ հետաքրքիր ու գրավիչ էր և՛ փարաջանովյան կինոյի երկրպագուների, և՛ մասնագիտական շրջանակների համար։ Կինոշուկայի օրերին հայկական տաղավարի բազմաթիվ այցելուներ հետաքրքրված էին հայկական կինոյի նորություններով և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին առնչվող յուրաքանչյուր նյութով։

Կինոշուկայի ընթացքում հայկական տաղավարում տեղի են ունեցել բազմաբնույթ գործնական հանդիպումներ:

Եվրոպական կինոշուկայի հայաստանյան տաղավարում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC) միջև ստորագրվել է կինոյի և շարժվող պատկերի ոլորտում իրականացվող Հայաստան-Ֆրանսիա գործողությունների ծրագրի իրականացման փաստաթուղթը։ Այն ներառում է երկկողմ համագործակցություն կինոոլորտի հետևյալ բնագավառներում` կինոժառանգություն, ուսուցում, մասնագիտական կրթություն, համատեղ արտադրություն և գործընկերություն փառատոների միջև:

Հարկ է նշել նաև, որ դեռևս 2023 թ. սկսված բանակցությունների արդյունքում Եվրոպական կինոշուկայում ձեռք է բերվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի կինոկենտրոնի (CNC) միջև կրթական ոլորտում համագործակցության պայմանավորվածություն, ըստ որի՝ հայ սցենարիստները հնարավորություն կունենան Ֆրանսիայում մասնակցելու սցենարական դասընթացների:

Կինոշուկայի ընթացքում Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավարությունը հանդիպումներ է ունեցել միջազգային տարբեր կինոկառույցների ներկայացուցիչների հետ: Ձեռք են բերվել տարբեր պայմանավորվածություններ, և հաստատվել գործակցության ծրագրեր 2024-2025 թթ. համար:

Հանդիպումներ են կայացել Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Դասականներ» բաժնի համադրող Ֆեդերիկո Ջիրոնիի, Պրահայի ազգային արխիվի տնօրեն Միխալ Բրեգանտի, «Կարլովի Վար» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարել Օխի, Մոնտենեգրոյի կինոկենտրոնի տնօրեն Ալեքսանդրա Բոժովիչի, Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Դասականներ» բաժնի ներկայացուցիչ Անիկա Հաուպտսի, Տալլինի «Սև գիշերներ» միջազգային կինոփառատոնի «Բացահայտման ճամբար» (Discovery Campus) արդյունաբերական հարթակի տնօրեն Տրիին Տրամբերգի, MK2 ընկերության ներկայացուցիչներ Ժակ Ջագուի և Ֆրեդերիկ Ղուոլի, Եվրիմաժի գործադիր տնօրեն Սյուզան Նյումանի, Հնդկաստանի Ինֆորմացիայի և հեռարձակման նախարարության կինոբաժնի ներկայացուցիչ Լինա Նազարիի և այլոց հետ:

Բոլոր աշխատանքները, հանդիպումներն ու փոխհամագործակցությանն ուղղված քայլերը միտված են հայ կինոյի զարգացմանը, հանրահռչակմանը և միջազգային հարթակներում ներկայացվածությանը: