ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Լիոնի մետրոպոլի աջակցությամբ Ա․ Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին:

Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Բեմադրության երաժշտությունը գրել է «Հող արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։ Ներկայացմանը ներգրավված յոթ պարողներից երկուսը հրավիրված են Հայաստանի Հանրապետությունից։ Սաթէ Խաչատրյանի հրավերով Մուրադ Մերզուկին՝ իր օգնական Կադեր Բելմոկթարի ուղեկցությամբ, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի հիփ–հոփ պարային դասընթացներ:

«Նռան գույնը» ներկայացումը յուրօրինակ երկխոսություն է տարբեր մշակույթների և արվեստի տարբեր ճյուղերի միջև՝ համատեղելով հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրոերաժշտության հետ: Սա փորձ է բեմից հանդիսատեսին փոխանցել Սերգեյ Փարաջանովի արվեստի ողջ պոեզիան:

Նախագծի համակազմակերպիչներն են Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը։ Նախագծի գործընկերն է Ժողովրդական երգի, պարի ազգային կենտրոնը։

Նշենք, որ «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը կայացել է հունվարի 19-ին և 20-ին Ֆրանսիայի Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում: