Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ են մտել գերծանր քաշային հայ ծանրորդներն ու լավագույնս եզրափակել մեր թիմի փայլուն ելույթները:

Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը ԵԱ-ի չեմպիոն է հռչակվել երկամարտի 455 կգ արդյունքով: Լալայանն արժանացել է նաև պոկում և հրում վարժությունների փոքր ոսկե մեդալներին՝ համապատասխանաբար 205 և 250 կգ արդյունքներով:

Այս քաշային կարգում Հայատանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն (190+247): Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում 190 կգ արդյունքով դարձել է փոքր բրոնզե մեդալակիր, իսկ հրում վարժությունում արժանացել է փոքր արծաթին:

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեն վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցությունից։

Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ու կանանց թիմերը միասին նվաճել են 11 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներ (առանձին վարժությունների մեդալները ներառյալ)։ Այս ցուցանիշով Հայաստանը Եվրոպայում լավագույնն է:

Տղամարդկանց թիմային պայքարում Փաշիկ Ալավերդյանի գլխավորած ընտրանին երկրորդն է՝ զիջելով միայն Բուլղարիային:

Նախորդ մրցումային օրերին հայ ծանրորդներից Եվրոպայի չեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Հակոբ Մկրտչյանը (96 կգ), արծաթե մեդալի էին արժանացել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրել էր 7-րդ տեղը, Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ) 4-րդն էին, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)՝ 5-րդը, իսկ Պետրոս Պետրոսյանը (109 կգ) պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ վնասվածք էր ստացել և չէր շարունակել պայքարը:

Նշենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար։