ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր համատեղ հրաման են ստորագրել՝ բժշկական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրայի հենքի վրա փորձարարական հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր ներդնելու վերաբերյալ:

Բժշկական կրթության ոլորտում փորձարարական հետբուհական մասնագիտական ծրագիրը ստեղծվել է «Հենար» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով միավորելու երկրում առկա լավագույն ակադեմիական և կլինիկական ռեսուրսները հետբուհական բժշկական կրթության ոլորտում, ինչպես նաև համագործակցելու միջազգային գործընկերների հետ՝ ստանալու նորարարական, ռեզիդենտակենտրոն ծրագիր՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա: Ծրագիրը ռեզիդենտներին տալու է ընդգրկուն, բազմազան և համապարփակ կրթություն։

Համատեղ հրամանի ստորագրման միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ներկայացուցիչներ «Հենար» բարեգործական հիմնադրամից և շահագրգիռ այլ կառույցներից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կարևոր ծրագրի մեկնարկի առիթով և ընդգծել՝ իրականացվող փոփոխությունները սպասված են թե՛ կրթության, թե՛ առողջապահության ոլորտներում: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունն ու ջանքերի մեկտեղումը:

«Մենք գտնվում ենք բարձրագույն կրթության բարեփոխումների կարևոր փուլում՝ թե՛ կրթական ծրագրերի բովանդակության, թե՛ կառուցվածքային փոփոխությունների տեսանկյունից: Կարևոր է, որ այս ծրագիրը լինի համահունչ և իրականացվի այդ բարեփոխումների համատեքստում: Մասնավորապես՝ խոսքն ակադեմիական քաղաքի, բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի մասին է: Բժշկական կրթությունը լինելու է այս ամբողջ կրթական տարածքի մի կարևոր մասը: Այսօր էլ բժշկական կրթությունը յուրահատուկ տեղ ունի մեր երկրում. այն կրթության ամենապահանջված ուղղությունն է միջազգային իմաստով»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու նշել՝ օտարերկրյա ուսանողների ամենամեծ թիվն առկա է հենց բժշկական կրթության ուղղությամբ, ինչը հավելյալ պատասխանատվություն է առաջացնում՝ որակի ապահովման տեսանկյունից:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ Երևանի պետական բժշկական համալսարանը վերջերս նաև միջազգային հավատարմագրում է անցել՝ վերահաստատելով որակական այն պահանջները, որոնք պետք է գործեն բժշկական կրթության կազմակերպման առումով:

«Այս ուղղությամբ առավել քան հետևողական ենք լինելու նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մշակման շրջանակում՝ հատուկ ուշադրության դարձնելով լիցենզավորման, հավատարմագրման և մյուս ուղղություններին: Կարծում եմ՝ այս ծրագիրն ուղենշային ու շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ գնալ որակյալ կրթական ծրագրեր իրականացնելու ճանապարհով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ այս աշխատանքները կնպաստեն նաև պետության կողմից կրթաթոշակային տեղերի բաշխման գործընթացն ավելի նպատակային ու թիրախային դարձնելուն՝ ծառայեցնելով մեր երկրի իրական կարիքներին և զարգացման սկզբունքներին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս բարձր է գնահատել երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը. «Շնորհավորում եմ ոչ միայն այն արդյունքի համար, որն այսօր գրանցում ենք և որը հետագայում հիմք է ծառայելու թե՛ կրթական, թե՛ առողջապահական ոլորտներում լուրջ բարեփոխումների, այլև նմանօրինակ կարևոր համագործակցության համար: ԿԳՄՍ նախարարության հետ վերջին տարիներին մի շարք ծրագրերում կարողացել ենք բեկումնային փոփոխություններ բերել»:

Բժշկական կրթության ոլորտում փորձարարական հետբուհական մասնագիտական ծրագիրն իրականացվելու է «Մանկաբուժություն» մասնագիտությամբ կազմակերպվելիք սովորողների ընդունելության արդյունքներով: Ծրագիրը գործում է Առողջապահության նախարարության նպատակային օրդինատուրայի ծրագրի շրջանակում: Այն մեկնարկել է 2023 թվականի հոկտեմբերին և ունի մրցութային կարգով ընդգրկված 8 սովորող՝ ընդունված և՛ ԵՊԲՀ-ի, և՛ ԱԱԻ-ի միջոցով:

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ և Առողջապահության նախարարները նաև զրուցել են ծրագրում ընդգրկված սովորողների հետ, հետաքրքրվել փորձարարական ծրագրի կիրառումից և ընձեռած հնարավորություններից:

Ծրագրի ակադեմիական գործընկերներն են Առողջապահության ազգային ինստիտուտը և Երևանի պետական բժշկական համալսարանը, իսկ միջազգային գործընկերը՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը: Ծրագրի հիմնական կլինիկական գործընկերներն են «Արաբկիր» բժշկական համալիրը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրն ու «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցը: