ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Էրազմուս+» բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում» ծրագրի մեկնարկին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, բուհերի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ:

Ծրագրի նպատակն է բարեփոխել մանկավարժական կրթությունը Հայաստանում՝ անցում կատարելով ավանդականից դեպի ապագային միտված ուսումնական ծրագրերի և ուսուցման մեթոդների, դեպի հանրակրթության ազգային նպատակների իրագործում՝ կանաչ և թվային ուսուցման միջոցով:

Ծրագրի տևողությունը 3 տարի է. ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է Եվրամիության «Էրազմուս» ծրագրի շրջանակում: Վերանայվելու և ամբողջովին վերափոխվելու է բակալավրի, մագիստրոսական 5-ական և 2 կարճաժամկետ ծրագիր:

Ծրագրի համակարգողը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է, գործընկեր բուհերն են ԵՊՀ-ն և Շիրակի պետական համալսարանը, ինչպես նաև երկու մանկավարժական բուհ՝ Մոլդովայից, որոնք ծրագրի հիմնական շահառուներն են: Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել ուսուցչի մասնագիտության հայեցակարգը՝ 2027-2035 թվականների համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կարևոր ծրագրի մեկնարկի առիթով և ընդգծել՝ կրթության ոլորտի մեծածավալ բարեփոխումները պահանջում են, որպեսզի այդ փոփոխություններն ունենան իրենց տրամաբանական արտացոլումը մանկավարժական կրթության հայեցակարգում և բովանդակության մեջ:

«Մանկավարժական կրթության բարեփոխումը խիստ առանցքային խնդիր է. շատ բան կարող է փոխվել, բայց դպրոցում ամենակարևոր մարդը շարունակում է մնալ ուսուցիչը, որի ազդեցությունը երեխաների և կրթական արդյունքի ու բովանդակության վրա անգնահատելի է: Անչափ կարևոր է, որ մանկավարժական կրթության որակն ու բովանդակությունը համահունչ լինեն ժամանակակից մարտահրավերներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով կարևոր նախաձեռնության հեղինակներին:

ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է ծրագրի կարևորությունը կրթության ոլորտի մեկ այլ մակարդակի՝ բարձրագույն կրթության բարեփոխումների հայեցակարգում: Նրա գնահատմամբ՝ ամենակարևոր աշխատանքը բարձրագույն կրթության վերափոխումն է, որպեսզի այն դառնա մրցունակ, միջազգայնորեն ճանաչելի և համադրելի: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագիրն իրականացվելու է 5 գործընկեր բուհերի հետ համադրմամբ և ՀՊՄՀ համակարգմամբ:

«Սա շատ կարևոր աշխատանք է, որն ի սկզբանե աջակցելու է թե՛ միջազգայնացմանը, թե՛ բարձրագույն կրթության որակական փոփոխությանը: Կրթության ոլորտի բարեփոխումների առանցքում բարձրագույն կրթությունն ունի առանցքային նշանակություն: Այս իմաստով հատկապես կարևոր է ծրագրի շրջանակում մշակվելիք մանկավարժական կրթության հայեցակարգը, որը, կարծում եմ, ուղենշային փաստաթուղթ կդառնա մեր երկրում և ոչ միայն՝ մանկավարժական կրթության կազմակերպման և առաջնորդման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հայտնելով նախարարության պատրաստակամությունն աջակցելու ծրագրի ընթացքին:

Ծրագրի մեկնարկի առիթով ներկաներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով. «Այսօր դպրոցը և մանկավարժությունը մարտահրավերային փուլում են. գտնվելով տեխնոլոգիական հեղափոխության ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ շատ արագ է զարգանում, դպրոցը և ուսուցիչը պետք է հասցնեն համընթաց քայլել: Հետևաբար, ուսուցչի դերը, նրա կողմից կիրառվող մեթոդները, դասի կառավարման իրականացումը բոլորովին այլ սկզբունքների վրա պետք է հիմնված լինեն»,- ասել է նախարարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի շրջանակում իրականացվող բոլոր գործողությունները միտված են լինելու ուսուցիչների՝ անհրաժեշտ հմտություններով ու կարողություններով զինմանը:

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի խոսքով՝ հատուկ վերափոխման և վերանայման են ենթարկվելու 3 հիմնական ուղղություններ՝ օտար լեզուների, հատուկ և ներառական մանկավարժության, ԲՏՃՄ առարկաների ոլորտների բոլոր ծրագրային մոտեցումները և մեթոդները, որոնց համար կձևավորվի հստակ գործիքակազմ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն իր հերթին նշել է, որ ծրագրի շրջանակում իրականացվող կանաչ և թվային կրթությունն ապահովում է հասարակության կայուն զարգացումը, ինչն էլ առնչվում է մանկավարժական կրթության հիմնահարցերին:

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, կարևորելով մանկավարժների գործունեությունը, հույս է հայտնել, որ ծրագիրը կօգնի ուսուցիչներին իրենց աշխատանքն ավելի հստակ և արդյունավետ կազմակերպել: