Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:

Գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթողի կոչմանն արժանացել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,933 միավոր:

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակչում հայ մարզիկը հավաքել է 14.500 միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը:

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը, 14.470 միավորով, զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքականի կազմում նժույգ-թափեր վարժության որակավորման փուլին մասնակցել են Գագիկ Խաչիկյանը և Հարություն Մերդինյանը, որոնց, սակայն, չի հաջողվել դուրս գալ հաջորդ փուլ:

Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Հայաստանի հավաքականը փետրվարի 20-26-ը Կոտբուսում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին: