Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե, 1 բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Մեր ընտրանին Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ թիմային պայքարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Հայաստանի թիմի կազմում ԵԱ-ի չեմպիոնությունը նվաճել են Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը:

57 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանն ընդամենը 52 վայրկյանում 10:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամետ Քարավուսի նկատմամբ և կարիերայում 4-րդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Հայ ըմբիշը ԵԱ-ում պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովի նկատմամբ: Կիսաեզրափակչում էլ նույն հաշիվը գրանցվել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովի հետ գոտեմարտում:

Արման Անդրեասյանը 70 կգ քաշայինների եզրափակչում 7:3 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ՝ հաղթական միավորները վաստակելով վերջին վայրկյաններին: Հայ ըմբիշը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 8:5 հաշվով առավելության հասնելով Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևի նկատմամբ:

Անդրեասյանը կարիերայում առաջին անգամ է դարձել Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանն էլ դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով իր առաջին մեդալը մեծահասակների Եվրոպայի առաջնություններում: Վճռորոշ գոտեմարտում Մեժլում Մեժլումյանը մրցել է Գերմանիան ներկայացնող Նիկլաս Շտեշելի հետ և 7:5 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է 2 ոսկե և 1 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը:

Մեր ընտրանու կազմում Եվրոպայի 7-ակի չեմպիոն էր հռչակվել Արթուր Ալեքսանյանը (97 կգ)՝ եզրափակչում 6:3 հաշվով առավելության հասնելով ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ։

Իր քաշային կարգում հավասարը չէր ունեցել նաև Մալխաս Ամոյանը՝ կարիերայում երրորդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Ամոյանը եզրափակչում 7:0 հաշվով վստահ առավելության էր հասել աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ: Հայաստանի հավաքականի նորեկ Մանվել Խաչատրյանն էլ դարձել էր ԵԱ-ի բրոնզե մեդալակիր՝ առաջին անգամ մասնակցելով մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։