ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնում» այսօր ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Սարգիս Հայոցյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանման արդյունքում բարձրագույն կրթություն ստացող անձանց կրթական իրավունքի վերականգնման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող երկու ծրագրերին:

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության 2023 թվականի թիվ 1762-Ն որոշմամբ հաստատվել է սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների 2023/24 ուսումնական տարվա համար ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի:

«Ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղում սովորող ուսանողները ներգրավվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում: ԿԳՄՍՆ-ում հավաքագրված տվյալներով՝ ունենք ԼՂ-ից բռնի տեղահանված 4640 սովորողներ, որոնցից 2116-ը ԼՂ-ում սովորել են բարձրագույն, իսկ 2524-ը՝ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: 2024 թվականի հունվարի դրությամբ՝ ԼՂ-ի բուհերում սովորող 1897 ուսանող արդեն իսկ ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում»,- ներկայացրել է Սարգիս Հայոցյանը:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող երկրորդ ծրագրին, որի համաձայն՝ ուսման վարձի փոխհատուցում է նախատեսվում ՀՀ բուհերի ուսանող հանդիսացող Լեռնային Ղարաբաղի այն քաղաքացիների համար, որոնց ընտանիքի անդամներն են բռնի տեղահանվել:

«Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել է ՀՀ նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը: Այս ծրագրի շրջանակում աջակցություն է ստանում 844 շահառու»,- նշել է Սարգիս Հայոցյանը՝ շեշտելով, որ թվային տվյալները պարբերաբար թարմացվում են: