Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներն այս գիշեր վերադարձել են Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունից. Եվրոպայի արդեն 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով:

Հայաստանի թիմին դիմավորել և շնորհավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ՀԱՕԿ ներկայացուցիչներ, մարզասերներ, չեմպիոնների բարեկամներն ու ընկերները:

Հիշեցնենք՝ Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը՝ 2 ոսկե և 1 բրոնզե մեդալով:

Լրագրողների հետ զրույցում աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նշել է՝ յուրաքանչյուր չեմպիոնություն տարբերվում է և իր գինն ունի:

«Յուրաքանչյուր չեմպիոնության համար տանջվել ու աշխատել եմ: Եվրոպայի չեմպիոն դառնալը միշտ է դժվար եղել, բայց տարեցտարի այն ավելի դժվար է դառնում: Առջևում Օլիմպիական խաղերն են, որոնց պետք է լավագույնս պատրաստ լինել»,- ասել է Արթուր Ալեքսանյանը:

Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանն էլ հույս է հայտնել՝ Փարիզի Օլիմպիական խաղերից ևս կկարողանա ոսկե մեդալով վերադառնալ.

«Ամեն ինչ կանեմ, որ Փարիզից էլ ոսկե մեդալով վերադառնամ: Եվրոպայի առաջնությունն այս տարվա առաջին մրցաշարն էր. ուրախ եմ, որ հաղթանակով մեկնարկեցի: Այս ոսկե մեդալն ինձ ավելի մեծ վստահություն տվեց, որպեսզի կարողանամ ավելի առաջ շարժվել»,- ասել է Մալխաս Ամոյանն ու ընդգծել՝ Եվրոպայի երրորդ չեմպիոնությունն իրեն բավականին բարդ տրվեց:

«Շատ բարդ ստացվեց երրորդ ոսկե մեդալը նվաճել: Բոլորը պատրաստվում են քո դեմ: Ասում են՝ չեմպիոն դառնալը բարդ է, տիտղոսը պահելը՝ ավելի դժվար: Դա իսկապես այդպես է: Մարզիչների շնորհիվ կարողացա ճիշտ գոտեմարտեր անցկացնել և հաղթող ճանաչվել: Առհասարակ, բոլոր մրցակիցների դեմ նույն կերպ եմ տրամադրվում գորգ դուրս գալու և հաղթելու նպատակով: Անկախ նրանից՝ մրցակիցս թուրք է, թե այլ ազգի ներկայացուցիչ»,- ամփոփել է Մալխաս Ամոյանը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, նշել է՝ փորձի պակասն իրեն խանգարել է ավելի լավ արդյունք գրանցելու համար.

«Մրցավայր էի մեկնել հաղթելու նպատակով, սակայն, ցավոք, չստացվեց: Կարծում եմ՝ փորձի պակասը խանգարեց: Բավարարվեցի բրոնզե մեդալով: Հաջորդ անգամ կփորձեմ արդարացնել բոլորի սպասելիքները և ոսկե մեդալով վերադառնալ»,- նշել է երիտասարդ ըմբիշը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն էլ կարծիք է հայտնել՝ Եվրոպայի առաջնությունում տղաներն ավելիին էին ունակ.

«Յուրաքանչյուր մրցաշարից մշտապես լուրջ սպասելիքներ ենք ունենում: Եվրոպայի առաջնությունը ցույց տվեց, որ մեր տղաները կարող էին ավելին»,- ասել է գլխավոր մարզիչն ու անդրադարձել հատկապես Կարեն Խաչատրյանին և Սլավիկ Գալստյանին, որոնք մեդալային հավակնություն ունեին, սակայն մարզչի խոսքով՝ վնասվածքներ են ստացել և չեն կարողացել լավագույնս ներկայանալ:

Տեղեկացնենք՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում փետրվարի 16-ին պայքարը սկսում են ազատ ոճայինները։

Առաջինը մրցագորգ դուրս կգան 57, 65, 70, 79, 97 կգ քաշային ըմբիշները։

Եվրոպայի եռակի չեմպիոն, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, սակայն դեռևս հայտնի չէ, թե ով կլինի նրա մրցակիցը: Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում կգոտեմարտի Լեհաստանի ներկայացուցիչ Կրիստոֆ Բինկովսկու հետ: Արման Անդրեասյանը (70 կգ) նույն փուլում կմրցի Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովի հետ: Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ) ևս պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչ փուլից:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Մեջլում Մեջլումյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):