«Գավառը՝ ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գավառ համայնքում քննարկվել են նախատեսվող միջոցառումների մանրամասները, ընթացակարգերը, ժամկետները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները:

Քննարկմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, Գավառ խոշորացված համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը:

«Համատեղ աշխատանքի և միասնական ջանքերի շնորհիվ, վստահ եմ, ծրագիրը հրաշալի արդյունք կունենա»,- ասել է Զարա Ասլանյանը: Գավառ համայնքի ղեկավարը վերահաստատել է պատրաստակամությունը՝ հնարավոր բոլոր ուղիներով համագործակցելու և որպես երիտասարդական մայրաքաղաք լավագույնս ներկայանալու գործում:

Բացի նախատեսվող ծրագրերից՝ կողմերն ընդգծել են Գավառ համայնքում մեծածավալ այլ միջոցառումների անցկացման կարևորությունն ու անդրադարձել դրանց համար անհրաժեշտ ռեսուրսներին:

Գավառ համայնք այցի շրջանակում ԿԳՄՍՆ ներկայացուցիչները մասնակցել են նաև «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի՝ 2023 թվականի տարեկան հաշվետու միջոցառմանը:

Ողջունելով ներկաներին՝ Զարա Ասլանյանն ընդգծել է. «Գավառ համայնքում այսօր ստեղծվել են բոլոր նախադրյալները՝ նպաստելու ինչպես երիտասարդական մայրաքաղաքի ընտրությանը, այնպես էլ երիտասարդական կյանքի ակտիվացմանը: Կարևոր է նաև այն, որ Գավառում արդեն իսկ գործում է երիտասարդական կենտրոն, որտեղ երիտասարդներին մատուցվում են ոչ ֆորմալ կրթության ծառայություններ, ինչը նպաստելու է նրանց մրցունակության բարձրացմանն ու նոր կարողությունների զարգացմանը»:

ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետը կարևորել է նաև փորձի փոխանակումը պետության կողմից ստեղծված երիտասարդական կենտրոնների և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» կողմից հիմնված «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների միջև:

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից ՀՀ տարբեր համայնքներում այդպիսի 5 կենտրոն է գործում: Ողջունելով ներկաներին՝ հասարակական կազմակերպության միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը նշել է. «Երիտասարդական կենտրոնի՝ ավելի քան 1 տարի առաջ տեղի ունեցած պաշտոնական բացման արարողությունից հետո շատերը չէին հավատում, որ Գավառը հաջողելու է: Նախատեսել էինք 300 երիտասարդի մասնակցություն, սակայն այս մեկ տարվա ընթացքում արդեն 580 երիտասարդ է հաճախել կենտրոն»:

Հաշվետու միջոցառման ավարտին շահառու երիտասարդները հաջողված պատմություններով ներկայացրել են կենտրոնի ակտիվ դերակատարությունը համայնքի երիտասարդական կյանքում։