Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը դուրս են եկել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչ:

Որակավորման փուլում հայ մարմնամարզիկները 14.533 միավոր են վաստակել: Արթուր Ավետիսյանն առաջին, իսկ Վահագն Դավթյանը՝ երկրորդ տեղով է դուրս եկել եզրափակիչ:

Հայաստանի հավաքականի կազմում նժույգ-թափեր վարժության որակավորման փուլին մասնակցել են Գագիկ Խաչիկյանը և Հարություն Մերդինյանը, որոնց, սակայն, չի հաջողվել դուրս գալ հաջորդ փուլ:

Այսօր աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի որակավորման փուլում հանդես կգա օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Նշենք՝ աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: