Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի և Օլիմիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարիերայում 7-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 6:3 հաշվով առավելության հասնելով ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ։

Ալեքսանյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 5:1 հաշվով հաղթելով բելառուս Աբուբակար Խասլախանավին։ Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր թուրք Բեյտուլա Կաիսդագինին, իսկ քառորդ եզրափակչում 8:3 հաշվով առավելության էր հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Սլավիկ Գալստյանը գոտեմարտել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար, սակայն 4։5 հաշվով ցավալի պարտություն է կրել։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կարիերայում երրորդ անգամ դարձել էր Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում 7-0 հաշվով վստահ առավելության հասնելով աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ, իսկ Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի առաջին մեդալը նվաճել էր 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Խաչատրյանը մրցել էր բուլղարացի Ստեֆան Հրիստով Գրիգորովի հետ և ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթանակ տարել։

Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է 2 ոսկե և 1 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը:

Այսօր Եվրոպայի առաջնությունում հանգստի օր է: Վաղը՝ փետրվարի 16-ից, մրցագորգը կտրամադրվի ազատոճային ըմբիշներին: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Արսեն Հարությունյանը (57 կգ), Մեջլում Մեջլումյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):