Տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի երկօրյա արտագնա նիստը:

Նիստին մասնակցել են աշխատանքային խմբի անդամներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ Հակոբ Քնաջյանը, ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովից:

ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը նշել է, որ պետության կայուն զարգացման կարևոր նախադրյալներից է իրավական միջավայրի և անհրաժեշտ ռեսուրսների ապահովումը` երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման նպատակով:

Կառավարությունը իր 2021-2026 թվականների գործողությունների ծրագրով սահմանել է, որ մինչև 2024 թվականը ԿԳՄՍ նախարարության կողմից մշակվելու և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվելու «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի մշակման աշխատանքներն սկսված են, ԿԳՄՍՆ նախարարի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի հետ իրականացվել են մի շարք քննարկումներ:

«Նախարարությունը, որպես այս երկօրյա քննարկումների արդյունք, ակնկալում է ունենալ օրենքի նախագիծ, որի թե՛ հասկացությունները, թե՛ հոդվածները կլինեն բոլորի կողմից համաձայնեցված: Ի սկզբանե այս գործընթացը եղել է մասնակցային, քանի որ աշխատանքային խմբում հավաքված են երիտասարդության հետ աշխատանք իրականացնող դերակատարներ՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային կազմակերպություններից»,- նշել է Զարա Ասլանյանը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երիտասարդական ծրագրերի ղեկավար, աշխատանքային խմբի անդամ Հասմիկ Ալեքսանյանը նշել է. «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համար շատ կարևոր է դեռահասների և երիտասարդների մասնակցության ու հմտությունների ձեռքբերման խթանումը թե՛ մարզերում և թե՛ մայրաքաղաքում»:

«Մինչև աշխատանքային խմբի քննարկումները՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը նախարարության առաջարկով իրականացրել են ուսումնական այց և այլ երկրների փորձի ուսումնասիրություն: Մասնավորապես գնացել ենք Լատվիա և Լիտվա՝ տեսնելու, թե ինչ է տվել այնտեղի «Երիտասարդության մասին» օրենքը այդ երկրների երիտասարդներին, պետական կառույցներին»,- նշել է աշխատանքային խմբի անդամ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի երիտասարդական ծրագրերի ղեկավար Աննա Բարֆյանը:

Աշխատանքային խմբի արտագնա նիստի ընթացքում ներկայացվել են նաև երիտասարդական ոլորտի փորձագետների կողմից իրականացված աշխատանքները:

Կրթական հետազոտությունների խորհրդատվությունների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ, օրենքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ և փորձագետ Մարինա Գալստյանի խոսքով՝ տարիներ շարունակ եղել են քննարկումներ երիտասարդության ոլորտը կարգավորող օրենսդրություն ունենալու կարևորության մասին, և օրենքի նախագծի շուրջ ոլորտի դերակատարների համախմբումը դրական նախադրյալ է ստեղծում:

Աշխատանքային խմբի քննարկումները կլինեն շարունակական: