Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կարիերայում երրորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 7-0 հաշվով վստահ առավելության հասնելով աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ։

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել իտալացի Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 3:2 հաշվով առավելության է հասել անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլուբաևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2։1 հաշվով ուժեղ է գտնվել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուից։

Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի առաջին մեդալը նվաճել է 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Խաչատրյանը մրցել է բուլղարացի Ստեֆան Հրիստով Գրիգորովի հետ և ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթանակ տարել։

Երիտասարդ Մանվել Խաչատրյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 13:5 հաշվով կամային հաղթանակ է տարել Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Բուրակ Ուզունի նկատմամբ: Կիսաեզրափակչում արդեն Խաչատրյանն ուժերն է չափել Մոլդովայի ներկայացուցիչ Արտյոմ Դիլյանուի հետ և 2:2 հաշվով զիջել մրցակցին:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականի կազմում սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Կարեն Խաչատրյանը (82 կգ): Հաղթանակի դեպքում նրանք ևս կպայքարեն բրոնզե մեդալի համար:

Հայաստանի հավաքականի կազմում այսօր Եվրոպայի 7-րդ չեմպիոնության համար կպայքարի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Հայաստանի հավաքականի առաջատարը եզրափակիչ է դուրս եկել՝ կիսաեզրափակչում 5:1 հաշվով առավելության հասնելով բելառուս Աբուբակար Խասլախանավի նկատմամբ։ Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել է թուրք Բեյտուլա Կաիսդագինին, իսկ քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 8:3 հաշվով առավելության է հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգի նկատմամբ:

Այսօր կայանալիք եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևը:

Նշենք՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ԵԱ-ին մասնակցել են նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ), որոնք տարբեր փուլերում դուրս են մնացել հետագա պայքարից: