Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի հաղթողի տիտղոսի համար:

Կիսաեզրափակչում 77 կգ քաշային հայ ըմբիշը գոտեմարտել է Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդրին Գուտուի հետ և 2:1 հաշվով առավելության հասել:

Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով փայլուն հաղթանակ է տարել իտալացի Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում արդեն Ամոյանը 3:2 հաշվով առավելության է հասել անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլուբաևի նկատմամբ:

Եզրափակչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որը նորամուտն է նշում Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմում, կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը մրցել է Մոլդովայի ներկայացուցիչ Արտյոմ Դիլյանուի հետ և 2:2 հաշվով ցավալի պարտություն է կրել:

Խաչատրյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ մրցել է Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Բուրակ Ուզունի հետ և կամային տպավորիչ հաղթանակ տարել՝ 13:5 հաշվով:

Այսօր՝ փետրվարի 13-ին, պայքարի դուրս կգա Հայաստանի ևս 5 ներկայացուցիչ:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակչում ուժերը կչափի Հունաստանի ներկայացուցչի հետ: 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը նույն փուլում կմրցի շվեդ Նիկլաս Օեհլենի հետ: 72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում կմրցի խորվաթ Դոմինիկ Էտլինգերի հետ:

Այսօր մրցագորգ դուրս կգան նաև Կարեն Խաչատրյանն (82 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (97 կգ). նրանց մրցակիցները դեռևս հայտնի չեն: