Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում։

Գյումրեցի մարզիկը, 1500 մետր վազքատարածությունում ցույց տալով 3։45․55 րոպե արդյունք, գրավել է առաջին տեղը՝ հետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։

Հայաստանի մյուս ներկայացուցուիչ, եռացատկորդ Լևոն Աղասյանն էլ ճանաչվել է առաջնության փոխչեմպիոն։ Աղասյանը ցույց է տվել 16,28 մետր արդյունք և արծաթե մեդալ նվաճել:

Հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի խոսքով՝ թիմի առաջատար աթլետներն արդարացրել են սպասելիքները․ «Թե՛ Երվանդը, թե՛ Լևոնը լավ հանդես եկան ու արդարացրին սպասելիքները։ Իհարկե, Լևոնը կարող էր նաև ոսկե մեդալը նվաճել, ցավոք՝ չստացվեց։ Երվանդը գերազանց մարտավարություն վարեց ու իր փորձի հաշվին առաջ անցավ բավականին ուժեղ մրցակիցներից»,- ասել է Գրիգոր Բարսեղյանը և տեղեկացրել՝ Երվանդ Մկրտչյանը փետրվարի 13-ին կմասնակցի նաև Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի փակ մարզասրահում կայանալիք Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարին։

Ինչ վերաբերում է Ստամբուլում ունեցած ելույթներին՝ մարզչի խոսքով իրենք որևէ կաշկանդվածություն չեն զգացել․ «Սա, իհարկե, խորհրդանշական հաղթանակ էր, բայց մեր առաջատար մարզիկները Թուրքիայում բազմիցս մեդալներ են նվաճել ու ռեկորդներ սահմանել։ Որևէ կողմնապահություն կամ առանձնահատուկ վերաբերմունք մեր հանդեպ չենք զգացել։ Ամեն ինչ կարգին է»։

Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչն առանձնացնում է նաև վազորդ Էլլադա Ալավերդյանի ու երիտասարդ եռացատկորդ Գոռ Հովակիմյանի ելույթները։ Էլլադան 800 մետր վազքատարածությունը հաղթահարել է 2։07․97 րոպեում և մարզասրահների Հայաստանի ռեկորդ սահմանել, իսկ Գոռը 15,59 մետր արդյունքով անձնական ռեկորդ է սահմանել։

Հիշեցնենք՝ Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ: Հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը:

Ամենայն հավանականությամբ, Երվանդ Մկրտչյանը Բալկանյան երկրների ձմեռային առաջնության արդյունքներով իրավունք կստանա մասնակցելու նաև Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1-3-ը անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը: