ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ:

Օլիմպիադան անցկացվել է 2024 թ. հունվարի 8-14-ը՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:

Հայաստանից այդ օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի, «Քվանտ» և «Ֆոտոն» վարժարանների աշակերտները:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայում նվաճել են 17 մեդալ՝ 2 ոսկի, 6 արծաթ և 9 բրոնզ:

Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մայիսի 12-ի 52-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ:

Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.

1) ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7500 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5000 դրամ,

2) դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 25000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 20000 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 15000 դրամ,
  • գովասանագրով պարգևատրվածներին՝ 12000 դրամ,
  • եզրափակիչ փուլի այլ մասնակիցներին՝ 10000 դրամ։

3) դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (առնվազն 15 երկրներից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 15000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 10000 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 7500 դրամ: