Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Հայաստանում: Մեր երկրի թեկնածությունը հաստատվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի՝ երեկ կայացած նիստում:

Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակությունների շուրջ 4000 մասնակիցների:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում նախորդ տարեվերջին մասնակցել էր ՖԽՄԿ կողմնորոշիչ խորհրդի նիստին՝ ներկայացնելով Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի խաղերը հյուրընկալելու հայտը:

ՀՀ պատվիրակության կազմում էին նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ելույթում մեծապես կարևորել էր Ֆրանկոֆոնիայի խաղերի՝ որպես ֆրանկոֆոն մշակույթի և արժեքների տարածմանն ու ֆրանսերեն լեզվի զարգացմանը նպաստող կարևոր միջոցառման անցկացումը և վերահաստատել համապատասխան որոշման կայացումից հետո դրանք լավագույնս կազմակերպելու ՀՀ կառավարության հանձնառությունը։