Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2024թ. առաջնությունների վիճակահանությունը: Իրենց մրցակիցներին իմացել են տղամարդկանց մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), Մ18 (C դիվիզիոն), Մ20 (B դիվիզիոն) և կանանց Մ16, Մ18 (C դիվիզիոն) տարեկանների հավաքականները: Հայտնի են դարձել նաև Հայաստանի կանանց ազգային հավաքականի մրցակիցները։

Տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Ջիբրալթարի, Սան Մարինոյի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2024 թվականի հուլիսի 9-ից 14-ը Ալբանիայի Դուրես քաղաքում:

Մ18 տարեկանների հավաքականը հայտնվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Մոնակոյի, Ադրբեջանի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2024 թվականի հուլիսի 23-ից 28-ը Ալբանիայի Էլբասան քաղաքում:

Մ20 տարեկանների հավաքականը ընդգրկվել է B դիվիզիոնի C ենթախմբում, որտեղ կմրցի Շվեդիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Կոսովոյի և Մոլդովայի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2024 թվականի հուլիսի 12-ից 21-ը Ռումինիայի Պիտեշտ քաղաքում:

Կանանց Մ16 տարեկանների հավաքականը հայտնվել է С դիվիզիոնի A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Ադրբեջանի և Կիպրոսի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2024 թվականի հուլիսի 9-ից 14-ը Ջիբրալթարում:

Կանանց Մ18 տարեկանների հավաքականն էլ ընդգրկվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Վրաստանի և Ադրբեջանի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 23-ից 28-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայտնվել է B ենթախմբում, որտեղ կհանդիպի Նորվեգիայի, Ալբանիայի, Անդորրայի ընտրանիների հետ: Առաջնությունը կանցկացվի հունիսի 25-ից հունիսի 30-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում: