«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» նախաձեռնությունը՝ 2024 թվականի համար:

Նշենք, որ այս ծրագիրը սկսվել է 2018 թվականին՝ որպես «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» խորագիրը կրող համաեվրոպական միջոցառումների ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկը։

«Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» նախաձեռնության նպատակը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակից կազմակերպություններին և մարդկանց խրախուսելն է՝ նախագծերի, նախաձեռնությունների և գործունեության վերաբերյալ պատմություններ հավաքելու միջոցով։ Պատմությունները պետք է վերաբերեն ժառանգությանը և կարող են բաժանվել թեմատիկ չորս խմբի՝ նյութական ժառանգություն, ոչ նյութական ժառանգություն, բնության ժառանգություն և թվայնացված ժառանգություն։

Ծրագիրն ունի մրցութային բնույթ և դիմողներին հնարավորություն է տալիս ընտրվելու դեպքում հանրահռչակել իրենց պատմությունները ողջ Եվրոպայում՝ «Եվրոպական ժառանգության օրերի» կայքէջի և գրքույկների տպագրության միջոցով։ Պատմությունների խրախուսման երկրորդ աստիճանը համապատասխան ցանկության և մրցութային փուլերի հաղթահարման դեպքում հնարավորություն է տալիս ստանալու մինչև 10 000 եվրո դրամաշնորհ՝ նոր գաղափարներն իրականացնելու համար։

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://tinyurl.com/23m9z3hv:

Մրցույթին կարող են դիմել վերջին 4 տարիներին (2020-2023 թթ․) «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակում առնվազն մեկ անգամ մասնակցած կազմակերպությունները։

Դիմումները լրացվում են առցանց՝ Create Story | European Heritage Days կայքէջում տեղադրված ձևաչափի միջոցով։

Առցանց ձևաչափի լրացման վերջնաժամկետը՝ 2024 թ մարտի 15-ն է։