Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը. հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ օրենսդրական այս նոր փաթեթով նախատեսվում են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի կարևորագույն կարգավորումներ:

«Իրականացնում ենք ոլորտի համապատասխանեցում միջազգային ընդունված չափորոշիչներին՝ սկսելով հասկացությունների սահմանումներից: Ոլորտի անվանումը միջազգայնացման տրամաբանությանն է համապատասխանեցված»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է, որ վերացվում է մասնագիտական ուսումնական հաստատությունների երկու տեսակների` քոլեջների և ուսումնարանների միջև տարբերակումը, գործելու է միայն քոլեջ տեսակը` պահպանելով կրթական ծրագրերի մակարդակները` արհեստագործական և միջին մասնագիտական ուղղություններով:

Մյուս կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը ինստիտուցիոնալ ներդրվում է ոլորտում և դառնում է կրթության կազմակերպման հիմնական ձև, ընդ որում՝ օրենսդրությունը կարգավորում է ոչ միայն աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևերը, այլև նկարագրում է կառուցվածքը՝ առանձնացնելով դուալ կրթության համակարգող մարմինը, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների և կառույցների գործառույթներն այս նոր գործող կազմակերպական կառուցվածքում:

«Շատ կարևոր է, որ մենք նորովի և նոր որակով ենք նկարագրում սոցիալական գործընկերության տրամաբանությունը՝ մասնավորապես ընդգծելով մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության նոր ձևաչափերը, որոնք կարող են դրսևորվել ընդհուպ մինչև հաստատությունների համատեղ կառավարման մոդելները: Ամբողջությամբ վերանայվում է կրթական ծրագրերի կառուցվածքը. դրանք հիմնվելու են վերջնարդյունքների վրա, բխելու են ազգային և ոլորտային շրջանակից, ոլորտում գործելու է կրեդիտային համակարգը, ինչը նաև էապես մեծացնելու է շարժունության հնարավորությունները»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ամբողջությամբ փոխված է նաև մասնագիտական ուսուցման կառավարման համակարգը: Նախատեսված է մասնակցային, թափանցիկ և հաշվետվողական համակարգ, իսկ հաստատությունների տնօրենների համար դրված է զարգացման ծրագրերի անհրաժեշտ պահանջը: Ոլորտում վերանայվում է նաև լիցենզավորման գործընթացը. նախատեսված է երկաստիճան համակարգ, որտեղ լիցենզավորման ենթակա կլինի թե՛ գործունեության թույլտվությունը, թե՛ արդեն բուն կրթական ծրագրերի իրականացումը:

Ըստ նախարարի` ֆինանսավորման համակարգի հիմքում կրթական ծրագրի ապահովման արժեքն է դրվելու. «Ֆինանսավորման տրամաբանությունը ձևավորելով ըստ մեկ ուսանողի կրթության արժեքի` խրախուսելու ենք մրցակցությունը: Ուսանողների համար պետության կողմից կրթության ֆինանսավորման հիմնական ձևը դառնալու է կրթաթոշակի միջոցով ֆինանսավորումը»,- ընդգծել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ վարչական և մանկավարժական անձնակազմի համար նախատեսվում է մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված համակարգի ներդրում: Ըստ այդմ՝ ոլորտում արդեն այս տարվանից կգործի կամավոր ատեստավորման համակարգը: Քոլեջների և ուսումնարանների աշխատակիցները կունենան դրույքաչափի բարձրացման և հավելավճարի հնարավորություն. կամավոր ատեստավորման արդյունքում նրանց աշխատավարձը կսահմանվի 200.000 դրամ, որին, ըստ արդյունքների, կգումարվի նաև 30, 40 և 50 տոկոսի չափով հավելավճար:

ԿԳՄՍ նախարարը, անդրադառնալով ոլորտի կարևորագույն փոփոխություններին, նշել է՝ այս համակարգում ևս ամբողջական ներառականության ապահովման խնդիր է դրված: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախագծով ապահովված են համընդհանուր ներառական կրթության ներդրման բոլոր գործիքակազմերն ու անհրաժեշտ ներդրումները:

Հարցուպատասխանի ընթացքում պատգամավորները կարևորել են ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև մի շարք հարցեր ուղղել ԿԳՄՍ նախարարին:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարց է ուղղել մասնագիտական կրթության հասանելիության մասին, մասնավորապես՝ հանրակացարանային ենթակառուցվածքների առկայության վերաբերյալ՝ տարբեր մարզերի ուսանողների կեցության հարցերը լուծելու համար:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ հասանելիությունն ամենակարևոր հարցերից է:

«Բոլոր մարզերում մենք ունենք մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններ: Ամեն դեպքում, եթե ունենք տվյալ մասնագիտությամբ կրթության կազմակերպում կոնկրետ վայրերում, հանրակացարանային պայմաններ որոշ դեպքում արդեն կան, որոշ դեպքերում էլ՝ նախատեսվում են: Կրթության զարգացման պետական ծրագրում որպես խնդիր նշել ենք՝ հաստատությունները պետք է դասակարգվեն հանրապետական կամ տեղային նշանակության: Հանրապետական հաստատությունների համար պետք է ապահովվեն նաև հանրակացարանային և այլ պայմանները, որպեսզի ամբողջ հանրապետությունից հնարավոր լինի այնտեղ կրթություն կազմակերպել: Այսօր մենք այդպիսի օրինակ ունենք Տավուշում՝ Իջևանի քոլեջը, որը ֆրանսիական մոդելով դարձել է գյուղատնտեսական կրթահամալիր, հանրակացարանային ենթակառուցվածք ունի և ակտիվորեն ուսանողներ է ընդունում»,- արձագանքել է Ժաննա Անդրեասյանը:

Նիստի ընթացքում հարակից զեկույցով հանդես է եկել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանը: Վերջինս ընդգծել է՝ այս օրենքի նախագիծը բարեփոխումների հսկայական փաթեթ է, որն ամբողջությամբ համընկնում է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարությանը: Թագուհի Ղազարյանը կարևորել է գործատուների անմիջական ներգրավվածության հնարավորությունը ուսումնական հաստատությունների կառավարման համակարգերում, ինչը հնարավորություն կընձեռի պատրաստելու այնպիսի մասնագետների, որոնց պահանջարկն աշխատաշուկայում իսկապես առկա է:

Թագուհի Ղազարյանը նաև շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը համագործակցության համար, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպություններին, որոնք իրենց ներդրումն ու աջակցությունն են ցուցաբերել ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին:

Ամփոփիչ ելույթում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ այսօր ավելի քան հրամայական է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ներդնել այն համակարգը, որը կօգնի ստանալ որակյալ կրթություն:

«Այո, սա ենթադրում է աշխատանք գործատուների հետ, որն անելու ենք շարունակաբար: Ոլորտում համագործակցության բազմաթիվ դրական օրինակներ կան, բայց դուալ կրթության ձևաչափը թույլ է տալիս ունենալ ավելի արդյունավետ և որակյալ համագործակցություն: Այսօր արդեն 24 հաստատություններում ներդրված է դուալ կրթությունը, և մենք տեսնում ենք, թե դա ինչպես է ազդում շրջանավարտների զբաղվածության վրա: Տեսնում ենք նաև, որ այս պահին մեր շրջանավարտների շուրջ 55%-ն իր մասնագիտությամբ աշխատանք է գտնում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ եթե կլինեն առաջարկներ, որոնք առաջինից երկրորդ ընթերցում կօգնեն բարելավել օրենքի նախագիծը, կընդգրկվեն լրամշակված տարբերակում:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու հարցին: Նախարարի խոսքով՝ այս հարցը մասնագիտական շրջանակների կողմից մի քանի անգամ արդեն իսկ քննարկվել է՝ նախ անկախությունից հետո, երբ առարկայի վերաիմաստավորման խնդիր է դրվել, ապան նաև Հանրակրթության պետական նոր չափորոշչի քննարկման ժամանակ:

«Փոփոխությունն առարկայի բովանդակությանը չի վերաբերում. բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից: Անվանումն այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով մենք մոտենում ենք պատմության ուսուցմանը: Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, իսկ ՀՀ դպրոցներում պետք է ուսուցանվի Հայաստանի պատմությունը: Սա բոլորովին չի նշանակում, թե առարկան կոչելով «Հայաստանի պատմություն»՝ առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մաս: Ինչ վերաբերում է պատմության ուսուցմանման կոնկրետ նպատակին, ապա պետք է շեշտեմ՝ ինչպես ամեն երկրում, մեր երկրում նույնպես պատմության ուսուցանումն առաջին հերթին պետության, երկրի քաղաքացիների ձևավորման գործընթաց է: Առաջնահերթ է, որ պատմության ուսուցանումը կազմակերպվի և կառուցվի պետության առանցքի շուրջ՝ անկախ նրանից՝ այդ ժամանակահատվածներում պետությունը եղել է, թե ոչ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Հարցի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում և մտքերի փոխանակում: