«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվել է «Փոքրամասնությունների կանանց հզորացում» քննարկումը:

«Փոքրամասնությունների կանանց հզորացում Կանայք, խաղաղություն, անվտանգություն օրակարգի շրջանակում. երկխոսություն ներառական գործողությունների համար» խորագրով միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Մուրազ Շամոյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի արդյունավետ իրականացմանը Հայաստանում, խթանել ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը խաղաղության և անվտանգության վերաբերյալ քննարկումներում և որոշումների կայացման մեջ՝ նպաստելով առավել ներառական հասարակության կայացմանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և նշել, որ աշխատաժողովի շրջանակում արծարծվող թեմաները զգայուն են և գտնվում են բոլորի ուշադրության կենտրոնում, սակայն դրանք դեռևս մնում են որպես հիմնահարցեր: Այս համատեքստում նախարարի տեղակալը ընդգծել է տարբեր կառույցների, գերատեսչությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների աջակցության կարևորությունն ու կրթության անհրաժեշտությունը. «Վաղ շրջանում, երբ երեխան հայտնվում է սոցիալական միջավայրում, ստանում է ուղերձներ, որոնք ձևավորում են որոշակի կարծրատիպեր: Դպրոցում արդեն երեխաներին փոխանցվում են արժեքներ ու գաղափարներ, որոնք նպաստում են ապագա քաղաքացու վարքագծի ձևավորմանը:

Հետևաբար կրթական տարբեր մակարդակներում խնդրի լուծմանն ուղղված պետք է տարբեր միջամտություններ իրականացվեն, քանի որ դպրոցական համակարգը ամենաերկարատևն է անձի ձևավորման տեսանկյունից և կարևոր նշանակություն ունեցող ժամանակահատված է»:

Անդրադառնալով ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին՝ նախարարի տեղակալը նշել է, որ խնդիրներն այստեղ խաչվում են. «Դրանք առնչվում են կրթության իրավունքի իրացմանը, որոշակի տարիքից սկսած երեխաների կրթությունից դուրս մնալու ռիսկերին, տղաների պարագայում՝ կապված գյուղատնտեսական աշխատանքներում ընդգրկվածության, աղջիկների պարագայում՝ վաղ ամուսնությամբ կամ դրա կանխարգելմամբ: Հետևաբար պետք է փորձենք գործուն դարձնել իրավական մեխանիզմները: Իհարկե, մենք թարմացրել ենք Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման կարգը, և յուրաքանչյուր գերատեսչության մասով ավելի են հստակեցվել անելիքները: Նշեմ, որ այստեղ առավել ծանրակշիռը համայնքների դերն է, որոնք պետք է փորձեն աջակցել դպրոցներին՝ երեխաներին ուսումնական հաստատություններում ընդգրկելու և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերի կանխարգելման հարցերում: Այս առումով անելիքները շատ են, և փոխհամագործակցության շրջանակում մեզ կաջակցեն համայնքներն ու ազգային փոքրամասնությունները: Ամենահիմնարար իրավունքներից մեկի՝ կրթության իրավունքի իրացման տեսակետից պատրաստ ենք ապահովելու մեր ակտիվ մասնակցությունը համապատասխան հարթակներում և քննարկումներում»:

Նշենք, որ միջոցառման շրջանակում անցկացվել է «ՀՀ ազգային փոքրամասնությունների կանանց հզորացում․ մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկումը: «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շրջանակում ներկայացվել է առավել ներառական գործողություններին ուղղված առաջարկները, որոնք քննարկվել են մասնակիցների կողմից:

Երկխոսության միջոցառումը անցկացվել է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի աջակցությամբ՝ ուժեղացնելով արևելյան հարևանության տոկունությունը նախագծի շրջանակում՝ որպես «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» կողմից իրականացվող «Հայաստանի ազգային փոքրամասնությունների կանանց հզորացումը՝ հանուն կայուն անվտանգության և խաղաղության» ծրագրի գործողություն:

Երկխոսության նիստը միտված էր ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդի և այլ էթնիկ խմբերի կանանց, ՔՀԿ-ների ներկայացուցիչներին և պետական պաշտոնյաներին՝ քննարկելու ազգային փոքրամասնությունների կանանց առանձնահատուկ կարիքներն ու հրատապ խնդիրները: