ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի շրջանակում նախատեսվում է մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբերգրագիտությանը:

Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ։ Նախատեսվող գումարը ներառում է բոլոր հարկերն ու տուրքերը։

Հաղթող ճանաչված մասնակցի դրամաշնորհային հայտով ներկայացված ծրագրում ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի առնվազն 60 երիտասարդ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ ԱՊՀ մասնակից պետություններից։ Ընդ որում՝ մասնակիցն իր ծրագրում ՀՀ երիտասարդների՝ առկա կամ առցանց ձևաչափով մասնակցությունից բացի՝ պետք է ապահովի նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների մասնակցությունն առցանց տարբերակով։ Դրամաշնորհային ծրագրով ներկայացված միջոցառումը պետք է լինի հայերեն և ռուսերեն լեզուներով՝ ՀՀ-ից և ԱՊՀ մասնակից պետություններից մասնակցություն ապահովելու համար։

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2024 թվականի փետրվարի 8-ը՝ ժամը 11:00-ն։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։