Հայաստանի պատմության թանգարանը, ի թիվս աշխարհի այլ հեղինակավոր թանգարանների, ակտիվորեն համագործակցում է Լոնդոնի Բրիտանական թանգարանի հետ։

Դեռևս 2018 թվականին Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել է Բրիտանական թանգարանում կազմակերպված «Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» միջազգային ցուցահանդեսին, որին թանգարանի հավաքածուից ցուցադրվել են 10 բացառիկ ցուցանմուշներ։

2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվել է «Շքեղություն և ուժ Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատմության թանգարանը՝ ներկայացնելով 3 բացառիկ մշակութային արժեքներ՝ Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Քա VI-V-րդ դդ), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք ա I դ

Ցուցադրության բացման շրջանակում տեղի են ունեցել բանակցություններ Բրիտանական թանգարանի պատասխանատուների հետ: Մասնավորապես Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի և թանգարանի այլ պատասխանատուների հետ հանդիպումներ են ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու թանգարանների միջև հետագա համագործակցության հեռանկարներն ու նոր հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ցուցադրությունների կազմակերպման շարունակականության ապահովումը:

Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի հավանությամբ՝ այս տարի Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում նախատեսվում է ժամանակավոր տրամադրել Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք ա II-I դդ): Առաջին անգամ այս մասունքային նշանակության ցուցանմուշները կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ուշագրավ ցուցանմուշների հետ։

Այս ցուցադրության կազմակերպման աշխատանքները վերջնականացման փուլում են, որի ավարտից հետո ԿԳՄՍ նախարարության և թանգարանի կողմից պաշտոնապես կհայտարարվի ծրագրի մեկնարկի մասին:

ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանի պատմության թանգարանը ակտիվ համագործակցում են Բրիտանական թանգարանի, ինչպես նաև այլ հեղինակավոր գործընկերներ կառույցների հետ՝ Հայաստանում և արտերկրում հայկական մշակութային ժառանգությունը պատշաճ ներկայացնելու և հանրահռչակելու ուղղությամբ։