ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի շրջանակում նախատեսվում է երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և համանման նախաձեռնությունների խրախուսում:
Միջոցառումները, մասնավորապես, վերաբերում են առողջ և անվտանգ սննդի օգտագործմանը, ֆիզիկական ակտիվությանը, անվտանգ վարքագծի պահպանմանը, վնասվածքների կանխարգելմանը, ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումից զերծ մնալուն:
Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 2 700 000 (երկու միլիոն յոթ հարյուր հազար՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ։ Նախատեսվող գումարը ներառում է բոլոր հարկերն ու տուրքերը։
Հաղթող ճանաչված մասնակիցը դրամաշնորհային հայտով ներկայացված ծրագրի ավարտին պարտավորվում է իրականացնել ծրագրի ազդեցության վերլուծություն՝ նշելով ծրագրին մասնակից երիտասարդների թիվը, միջոցառման իրականացման տարածքային ընդգրկվածությունը, միջոցառման արդյունքի հասանելիությունը տարբեր հարթակներում և այլն:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ չափանիշներին՝ առողջ ապրելակերպի կազմակերպման շրջանակում առնվազն 1 նմանատիպ ծրագրի իրականացման փորձառություն, ծրագրի աշխատակազմի փորձառություն, ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ոչ ուշ, քան 2024 թվականի փետրվարի 5-ը՝ ժամը 11:00-ն։