Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ամբողջությամբ փոխվում է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, օրենքի անվանումը համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչներին: Նրա խոսքով՝ միասնականացվում է ուսումնական հաստատությունների տիպը` քոլեջ և ուսումնարան տեսակների փոխարեն առաջարկելով մեկ տեսակի` քոլեջի հնարավորությունը: Կրթական ծրագրերն էլ տարբերակվում են՝ ըստ մակարդակների:

Նախարարը կարևորել է աշխատանքի վրա հիմնված ուսուցման ինստիտուցիոնալ ներդրումը: «Սա նաև արվում է վերջին տարիներին փորձարկվող դուալ կրթության և աշխատանքի վրա հիմնված ուսումնառության այլ ձևերի փորձի վրա»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ ամբողջությամբ փոխվում են մասնագիտական կրթական ծրագրերն ու դրանց ներկայացվող ընդհանուր պահանջները: Նշվել է, որ սոցիալական գործընկերության միջոցով էապես բարելավվելու է կրթության կառավարման ու կազմակերպման համագործակցային մոդելը: Փոխվում է համակարգում հաստատությունների կառավարման ընթացքը. խոսքը վերաբերում է կառավարման խորհրդի ձևավորման և տնօրենի ընտրության մեխանիզմներին: Նախաձեռնությամբ փոխվում է նաև լիցենզավորման գործընթացը. այն կիրականացվի երկու մակարդակով` ոլորտում գործունեություն ծավալելու և առանձին կրթական ծրագրեր իրականացնելու համար: Մեծ փոփոխություններ են նախատեսվում ֆինանսավորման համակարգում: «Մեկ ուսանողի հաշվով ֆինանսավորման մոդելով պետք է փորձենք մրցակցային և բարձրորակ կրթություն իրականացնել»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նրա` ներդրվում են վարչական, մանկավարժական աշխատակազմերի համալրման, կատարելագործման, գնահատման, խրախուսման, պատասխանատվության և առաջխաղացման մեխանիզմներ: Նախարարը կարևորել է նաև ուսանողների իրավունքների և պարտականությունների կարգավորումները, ներդրվող կրթաթոշակային քաղաքականությունը:

Արդյունավետ համարելով նախորդ շաբաթ Ազգային ժողովում կայացած խորհրդարանական լսումները` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ստացվել են մի շարք առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում փաթեթը լրամշակելու ընթացքում:

Նախարարը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են օրենքում մի շարք հասկացությունների խմբագրմանը, նպատակային ուսուցման համակարգին, շուկայի ուսումնասիրությանն ու տնտեսական կարիքների գնահատմանը, արտաքին գնահատման իրականացմանը, անժամկետ տրամադրվող լիցենզիաներին և այլն:

Ըստ զեկուցողի` նպատակային ուսուցման հարցում ամենակարևոր երաշխիքներից են ճիշտ պլանավորումն ու կանխատեսումը: Նշվել է, որ ոլորտի բոլոր կարևորագույն որոշումները քննարկվում և ընդունվում են Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի կողմից. վերջինիս կազմը հաստատվում է ՀՀ վարչապետի որոշմամբ:

Կառավարության հեղինակած նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: