ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկած «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող KPI4HE նախագծի աշխատաժողովին:

Ծրագիրը նպատակ ունի բարելավելու բարձրագույն կրթության համակարգի կառավարումն ու համալսարանների ռազմավարական պլանավորումը, որոնք նպաստելու են որակյալ, ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում:

Միջոցառմանը ներկա են եղել ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ծրագրին մասնակից բուհերի ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալը ողջունել է ծրագրի մեկնարկն ու կարևորել ԿԳՄՍ նախարարության ներգրավվածությունը ծրագրին, ինչպես նաև այն փաստը, որ աշխատաժողովի համակարգողը ԵՊՀ-ն է, իսկ դրանում ընդգրկված են նաև հայաստանյան մի քանի այլ բուհեր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, գերմանական երկու և իտալական մեկ բուհ:

«Այս ծրագիրը շատ տեղին է, քանի որ գործունեության առանցքային ցուցանիշների մշակումն իսկապես համահունչ է կրթական լայնածավալ բարեփոխումներին, որոնք իրականացվում են Հայաստանում, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում: Սա հնարավորություն կտա զարգացնելու առանձին բուհերի ռազմավարական պլանավորման կարողությունները, մեծացնելու դրանց չափելիությունը: Գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակումը հնարավորություն կտա որակական չափանիշներով մեր կրթական համակարգը դարձնել ավելի չափելի՝ դրանով իսկ այն համադրելի դարձնելով Բոլոնյան գործընթացին մասնակից մյուս երկրների համապատասխան համակարգերին», - ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Շեշտելով, որ ծրագիրը կարևոր է նաև Հայաստան-ԵՄ երկխոսության շրջանակում, ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ 2022-2023 թվականներին «Էրազմուս+» ծրագրով բուհական մակարդակում իրականացվել է 4, իսկ 2023-2024 թվականին՝ 8 ծրագիր, որոնցից մեկն էլ «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագիրն է:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Նա հույս է հայտնել, որ ծրագրի դրական արդյունքները շուտով տեսանելի կլինեն: «ԵՊՀ-ն, կարևորելով որակյալ կրթության ու մարդկային կապիտալի շարունակական զարգացումը, այդ ուղղությամբ իրականացնում է տարբեր ծրագրեր, սակայն այսօրինակ նախագծի միջոցով այն ավելի է շեշտադրվում»,- նշել է նա:

ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ ծրագիրը կարևոր և դրական ներգործություն կունենա կրթական ծրագրերի, ադմինիստրատիվ աշխատանքների և կառավարման պլանավորման հարցում, ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի կառավարման համակարգը Երևանի պետական համալսարանում և գործընկեր բուհերում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծել է, որ բազմաշերտ համագործակցության շրջանակում իրագործել են կթության որակի բարելավմանը միտված մի շարք ծրագրեր:

«Սա մեր համատեղ գործակցության մեծ ձեռքբերումներից մեկն է, և մենք շարունակում ենք աշխատել մեր գործակցության ընդլայնման ուղղությամբ։ Այժմ Հայաստանը և ԵՄ-ն ձեռք են բերել նաև բազմակողմ գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում կատարվող բարեփոխումների նպատակը մարդկային ներուժի, մարդկային կապիտալի զարգացումն է»,- ասել է Վասիլիս Մարագոսը։

Միջոցառմանը նախագծի իրականացումն ու կրթական համակարգում ներդրվող փոփոխությունները կարևորեց նաև Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:

«KPI4HE» ծրագրով նախատեսվում է բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակման, ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման ու պլանավորման ծառայությունների գործարկման, ինչպես նաև հաստատությունների հավաստագրման պետական չափանիշների վերանայում, առաջարկների մշակում:

Աշխատաժողովի համակարգողը ԵՊՀ-ն է. մասնակցում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), ՀՀ 5, ինչպես նաև մի քանի եվրոպական բուհեր (Դրեզդենի տեխնիկական համալսարան, Օլդենբուրգի համալսարան, Ջենոայի համալսարան):

«Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) ծրագրի մեկնարկային աշխատաժողովը կշարունակվի մինչև հունվարի 31-ը: