ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի ամփոփմանը:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Վասիլիս Մարագոսը, ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը։

«ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի հիմնական նպատակն է` զարգացնել ուսանողների և ուսանողական կազմակերպությունների կարողությունները, խրախուսել հանրային գործերում նրանց ներգրավումը, նպաստել երիտասարդների իրավունքների պաշտպանությանը։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ծրագրի իրագործումը ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման առումով:

«Այս ծրագիրը հնարավորություն է ստեղծում ուսանողներին ինքնակազմակերպվել իրենց հետաքրքրությունների ու նախասիրությունների, ուսանողական մարմինների ինքնավարության, իրավունքների պաշտպանության գաղափարների շուրջ: Այն նպաստում է նաև, որպեսզի ուսանողները համալսարանական միջավայրում ձևավորեն և դրսևորեն քաղաքացիական դիրքորոշում»,- ասել է նախարարի տեղակալը:

36 ամիս տևողությամբ ծրագրին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի երիտասարդները: Այս ընթացքում իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ «Ռեֆորում» ճամբարը, «Քննադատական մտածողության դպրոցը», «Մարդամեջ» սոցիալ-նորարարական ճամբարը, կազմակերպչական զարգացմանն ուղղված դասընթացները և այլն։

Ծրագիրը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ համատեղ իրականացնում են «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան)։