ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանում այսօր տեղի են ունեցել ««Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է օրենքի նախագիծը` ընդգծելով, որ ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներն ընդգրկված են «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում»: Այս համատեքստում կարևորելով ԱԺ գլխադասային հանձնաժողովի հետ համագործակցված ու շարունակական աշխատանքը՝ նա շնորհակալություն է հայտնել ԱԺ գործընկերներին, ինչպես նաև միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչներին` շուրջ երկու տարի այս նախագծի շուրջ աշխատելու համար:

Շնորհավորելով ներկաներին այսօր նշվող Կրթության միջազգային օրվա առթիվ` նախարարը համոզմունք է հայտնել, որ առաջնահերթ խնդիր է կրթական և սոցիալական քաղաքականությունների համադրմամբ հարթ ու տեսանելի դարձնել որակյալ մասնագիտական կրթություն ստանալու ճանապարհը բոլոր քաղաքացիների համար: Նրա խոսքով՝ մեր երկիրը ժառանգել է ՄԿՈՒ համակարգ, որը սպասարկում էր բոլորովին այլ տնտեսություն` այլ կառուցվածքով և մասշտաբներով: Ոլորտում ակնհայտ է թե' մասնագիտությունների, թե' ենթակառուցվածքների վերանայման օպտիմալացման արդիականացման խնդիրը: Ժաննա Անդրեասյանը կարծիք է հայտնել, որ պետությունն այս հարցում պետք է միայնակ չլինի, և մասնավորի հետ համագործակցությունն այլընտրանք չունի: Պետք է վերանայվեն նաև ՄԿՈՒ համակարգի ֆինանսավորման չափորոշիչները, որոնք, բացառությամբ որոշ դեպքերի, չեն վերանայվել 90-ականներից սկսած. գործող չափորոշիչները հիմնականում չեն արտացոլում ներգրավված ծախսերի իրական մակարդակը, ոլորտում պետք է ներդրվեն կրթության կազմակերպման, ներառականության, որակի ու շարժունության ապահովման, միջազգայնացման որակյալ գործիքակազմեր:

Առաջարկվող օրենսդրական բարեփոխումները, ըստ նախարարի, ունենալու են հեղափոխական նշանակություն ոլորտի համար.

«Առաջինը հասկացությունների և սահմանումների ներդաշնակեցումն է. օրենքը կոչվում է «Մասնագիտական կրթության ու ուսուցման մասին», որն առավել բնութագրական է ՄԿՈՒ համակարգի համար: Ոլորտի անվանումը միջազգայնացման տրամաբանությանն է համապատասխանեցվում` ներառելով թե' որակավորում տվող ֆորմալ կրթության, թե' ոչ ֆորմալ կրթության ուսուցման հնարավորությունը: Առաջարկվող նախագիծը տալիս է ճկունության հնարավորություն, որը բերելու է միկրոորակավորումների շնորհմանը:

Վերացվում է մասնագիտական ուսումնական հաստատությունների երկու տեսակների` քոլեջների և ուսումնարանների միջև տարբերակումը, գործելու է միայն քոլեջ տեսակը` պահպանելով կրթական ծրագրերի մակարդակները` արհեստագործական և միջին մասնագիտական ուղղություններով:

Կարևոր փոփոխություններից է աշխատանքի վրա հիմնված ուսուցման ինստիտուցիոնալ ներդրման հնարավորությունը, որով ամփոփվում է վերջին հինգ տարիներին փորձարկվող դուալ կրթության փորձառությունը: Դրա հիման վրա է, որ օրենքում տրված են այն ձևակերպումները, որոնք օգնելու են կրթության կազմակերպման համար մեր հիմնական նշանաբանը դարձնել` «Աշխատենք` սովորելով» կամ «Սովորենք` աշխատելով» կամ «Աշխատենք և սովորենք»: Սա դառնալու է ՄԿՈՒ ոլորտում կրթության կազմակերպման հիմնական ձևը»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ ներդրվելու է նաև դուալ կրթության համակարգող մարմինը:

Նրա տեղակեցմամբ` ներկայում 20 հաստատություններում շուրջ 24 մասնագիտություններով դուալ կրթական ծրագրեր են իրականացվում:

Հաջորդ բաղադրիչը կրթության կառավարման ու կազմակերպման համագործակցային մոդելի ներդրումն է, սոցիալական գործընկերության պատասխանատվությունը: Օրենսդրական փաթեթով անցում է կատարվում կրեդիտային համակարգի որակավորումների ազգային և ոլորտային շրջանակներին: Արմատապես վերանայվելու են կրթական ծրագրերի իրականացման մեթոդաբանական հիմքերը, վերանայվել են որակի ապահովման և վերահսկողության կառուցակարգերը, լիցենզավորման պահանջները: Ըստ նախարարի` ֆինանսավորման համակարգի հիմքում կրթական ծրագրի ապահովման արժեքն է դրվելու. «Ֆինանսավորման տրամաբանությունը ձևավորելով ըստ մեկ ուսանողի կրթության արժեքի` խրախուսելու ենք մրցակցությունը»,- ընդգծել նախարարը և հավելել, որ ոլորտում էապես զարգանալու են ձեռնարկատիրական գործունեության իրականացման հնարավորությունները:

Նախարարը նշել է, որ ներդրվում է մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված համակարգ: Քոլեջների աշխատակիցները կունենան 200.000 դրամի չափով դրույքաչափի վերանայման հնարավորություն, այնուհետև արդյունքներով պայմանավորված` 30, 40 և 50 տոկոսի չափով հավելավճարի ստացման:

ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ՝ կրթաթոշակային քաղաքականությունը ևս ոլորտում էապես փոխվել է. սեպտեմբերից գերակա ուղղություններով մինչև 50.000 դրամի կրթաթոշակի հնարավորություն է տրվել արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության մասնագիտություններով սովորող ուսանողներին, ինչն արդեն հանգեցրել է այս ուղղություններով ընդունելության էական աճին:

«Ներառականությունը ոլորտի համար դարձրել ենք պարտադիր բաղադրիչ, և ներառական կրթությունը դառնում է յուրաքանչյուր ուսանողի կրթության իրավունքի ապահովման երաշխիք` կրթության մատչելիության, հավասար մասնակցության և որակի ապահովման միջոցով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն իր խոսքում ընդգծել է ՄԿՈՒ ոլորտի կարևորությունն աշխատաշուկայի և տնտեսության կարիքների սպասարկման տեսանկյունից` ընդգծելով, որ ոլորտի կադրային դարբնոցը հզորացնելու պահանջը դարձել է հրամայական: «Միասին պետք է գտնենք համագործակցելու և կրթության միջոցով տնտեսությունը հզորացնելու ճանապարհը»,- ասել է նա:

Սիսակ Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել տեղական և միջազգային կազմակերպություններին, որոնք իրենց ներդրումն ու աջակցությունն են ցուցաբերել ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին:

Ելույթներ են ունեցել նաև միջազգային փորձագետները:

ԿԳՄՍ նախարարը պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին:

Ներկաները, արժևորելով ոլորտում իրականացվող բարեփոխումները, նշել են` դրանք կնպաստեն կրթության որակի բարձրացմանը: Խոսելով կրթության կազմակերպման նոր ձևի` աշխատանքի վրա հիմնված ուսուցման կարևորությունից, նշվել է, որ այն կբավարարի աշխատաշուկայի պահանջները: Անդրադարձ է եղել կրթություն-աշխատաշուկա խնդիրներին, ընդգծվել է պետություն-մասնավոր հատված սոցիալական գործընկերության կապի ամրապնդման անհրաժեշտությունը:

Եզրափակիչ ելույթում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և պատրաստակամություն հայտնել լրացուցիչ քննարկելու հնչած առաջարկներն ու կարևոր դիտարկումները: