Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների փակման արարողությունը:

Տղամարդկանց առաջնությունում կարիերայի ընթացքում 2-րդ անգամ չեմպիոնի կոչումը նվաճել է Ռոբերտ Հովհաննիսյանը: Անցկացրած 9 պարտիաներում նա վաստակել է 9 հնարավորից 6 միավոր: Գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են հավասար՝ 5.5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր է դարձել Մանուել Պետրոսյանը: Զավեն Անդրիասյանը եզրափակել է եռյակը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը, որը մի քանի տուր գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, հայտնվել է 4-րդ հորիզոնականում:

Կանանց առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճել է միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: Նշենք, որ սա Գաբոյանի կարիերայում 3-րդ չեմպիոնությունն է:

Արծաթե մեդալի է արժանացել ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանը, որը վաստակել էր 7 միավոր: 5.5 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Միլենա Գասպարյանը: Հիշեցնենք, որ գրոսմայստեր Մարիա Գևորգյանն առաջնության ավարտից 2 տուր առաջ առողջական խնդիրների պատճառով դադարեցրել էր պայքարը:

Առաջնություններում չեմպիոնությունները Ռոբերտ Հովհաննիսյանին և Սուսաննա Գաբոյանին իրավունք են տվել հանդես գալու Հայաստանի հավաքականում: