ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գրքասեր կանանց ակումբի տարեկան ամփոփիչ միջոցառմանը՝ որպես բանախոս։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հայ գրականության և պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցող կանանց՝ Զապել Եսայանի և Շուշանիկ Կուրղինյանի օրինակով։ Ըստ նախարարի՝ ի նշանավորումն այս կանանց պատմական դերի՝ 2023 թ․ Երևանի թիվ 180 դպրոցն անվանակոչվել է գրող, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ Զապել Եսայանի անունով, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության պատվերով ու ֆինանսական միջոցներով պատրաստվել և Կոմիտասի անվան զբոսայգում տեղադրվել է Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին, որը տարիներ առաջ գողացել էին:

«Պատմական և հանրային ակտիվ դերակատարում ունեցած նշանավոր կանանց արժևորումը կարևոր է նաև ուսումնական գործընթացում կանանց մասին համապարփակ գիտելիքների փոխանցման, ինչպես նաև նրանց դերի և գործունեության տեսանելիության բարձրացման տեսանկյունից։ Նրանք երեխաների համար լավագույն օրինակն են՝ նրանց պատմական դերը, փորձն ու ժառանգությունը, գիտելիքը, թողած արժեքները շարունակաբար նորացնելու և առաջ տանելու, վարքային մոդելներ ձեռք բերելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների ուսուցմանը հանրակրթական դպրոցներում։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հանրակրթության նոր չափորոշչին, մասնավորապես՝ գրականության առարկայական չափորոշչով սահմանված փոփոխություններին ու առաջնահերթություններին։ Ըստ նախարարի՝ ընթերցանության խրախուսումը հանրակրթության նոր չափորոշչի առաջնահերթություններից է՝ տեքստը հիմնարար հասկանալու, ընկալելու, վերլուծելու, քննարկելու, կարծիք հայտնելու և այլ կարողություններ ձևավորելու տեսանկյունից։

«Մեր խնդիրն է այնպես անել, որ դպրոցական տարիքից երեխան սիրի գիրքը, ձևավորի կարդալու հմտություն, մտորի կարդացած յուրաքանչյուր գրքի շուրջ։ Իսկ ընթերցանությունն այնպիսի սեր է, որը եթե սկսես, շղթայաբար շարունակվելու է ու չի դադարելու։ Այդ նպատակով չափորոշչով ընտրված է այնպիսի գրականություն, այդ թվում՝ ժամանակակից, որը կխթանի ընթերցանությունը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։
Հանդիպման ընթացքում ներկաներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին, որոնք վերաբերել են կրթության բովանդակությանը, գնահատման նոր մեխանիզմներին, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, «Գոյ» թատրոնի վերակազմավորմանը, մշակութային հաստատությունների բարելավման, հուշարձանների վերականգնման հետագա ծրագրերին։

Գրքասեր կանանց ակումբի հիմնադիր Մարիամ Մարտիրոսյանը հակիրճ ներկայացրել է ակումբի երեք տարվա գործունեությունը՝ նշելով, որ նախաձեռնել են «Գրքասերը մարզերում» ծրագիրը, որի շրջանակում տարբեր մարզերում կազմակերպվում են հանդիպումներ ժամանակակից գրողների հետ, քննարկվում են նրանց ստեղծագործությունները։