Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է ՀՀ մարզերում համայնքային մշակութային-ժամանցային կենտրոնների ձևավորման փորձարարական ծրագիր, որի նպատակն է մեկ միասնական դրամաշնորհային մրցույթի միջոցով գործող կամ առկա մշակութային ենթակառույցների հիման վրա առնվազն 10 մարզային համայնքներում ձևավորել ժամանակակից մշակութային և երիտասարդական միջավայր:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ծրագրով հետաքրքրված, այդ թվում՝ առաջնահերթաբար ծրագրի բովանդակային բաղադրիչներից որևէ մեկի կազմակերպման փորձառություն ունեցող կառույցների ներկայացուցիչներին։ Հանդիպումը կազմակերպվել էր ծրագրի մասին իրազեկելու, համայնքային մշակութային-ժամանցային կենտրոնների ձևավորման և գործունեության կազմակերպման հայեցակարգը ներկայացնելու և շահագրգիռ կառույցների առաջարկ-նկատառումներով այն լրամշակելու նպատակով:

Հայեցակարգը համապատասխան ոլորտներով ներկայացրել են Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը:

«Մեզ համար առաջնային է մարզերում զարգացնել մշակութային կյանքը՝ համայնքներում առկա մշակութային ենթակառուցվածքների հիման վրա: Մեր խնդիրն է այդ տարածքները մշակութային ճիշտ բովանդակությամբ լցնելով՝ ապահովել կրթական, մշակութային, երիտասարդական տարբեր ծառայությունների հասանելիության որոշակի համաչափություն: Նպատակն է ստեղծել մի միջավայր, որն ապահովված կլինի համայնքային կյանքի աշխուժացմանը միտված բոլոր բաղադրիչներով: Այդ միջավայրը պետք է նպաստի համայնքի մշակութային կյանքի ակտիվացմանը, հանրային ընթերցանության խրախուսմանը, գեղագիտական կրթության զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, երիտասարդական ներուժի բացահայտմանն ու շարունակական զարգացմանը, փոխադարձ հետաքրքրություններով նոր գաղափարների իրագործմանն ու իրականության փոխակերպմանը, ինչպես նաև ակտիվ քաղաքացիության դրսևորման հարթակի ապահովմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է երիտասարդական քաղաքականությանն ուղղված պետական ծրագրերին, ըստ այդմ՝ մինչև 2026 թ. նախատեսված է ՀՀ ամբողջ տարածքում հիմնել 25 երիտասարդական կենտրոն, որից երկուսն արդեն գործում են (Իջևանում և Մեղրիում) և առաջիկայում կբացվեն ևս երկուսը՝ Ապարանում և Դիլիջանում: Որպես երիտասարդական կյանքի աշխուժացմանն ուղղված հիմնարար նախադրյալ, նա նաև նշել է վերջերս ընդունված Մշակույթի ռազմավարության փաստաթղթում ամրագրված ուղղությունների կարևորությունը:

Հանդիպման շրջանակում ներկաները հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց դիտարկումները, առաջարկները, որոնք մասնավորապես վերաբերել են նախատեսվող մշակութային միջավայրերի տարածքներին, դրանք ստեղծելու ուղղությամբ երիտասարդների ներգրավվածությանը, կառավարման ձևաչափին, պետության կողմից որակի վերահսկման անհրաժեշտությանը, ռեսուրսների համադրմանը և այլն: