Փետրվարի 2-ից Դոհայում մեկնարկելու է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը: Ջրացատկի մրցումներում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ:

Գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն աշտարակացատկում պայքարի դուրս կբերի Արման Ենոքյանին, Մարատ Գրիգորյանին և Ալիսա Զաքարյանին: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ երիտասարդների ընտրությունը պայմանավորված է հավաքականի հիմնական կազմի անդամների վնասվածքներով:

Արման Ենոքյանը և Մարատ Գրիգորյանը հանդես կգան նաև սինխրոն ցատկում:

Նշենք, որ Օլիմպիական ուղեգիր կնվաճեն անհատական պայքարում մինչև 18-րդ տեղը զբաղեցրած մարզիկները և լավագույն 8 զույգերը:

Հիշեցնենք, որ ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի նաև լողի մրցումներում. Դոհա կմեկնեն Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը: