ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում հայտարարում է նախադպրոցական կրթության համակարգի զարգացմանը, նոր ու արդյունավետ մոտեցումների ներդրմանը նպաստող միկրոծրագրերի մրցույթ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ, սկսել է նախադպրոցական կրթության ծրագրի իրականացումը, որը նախատեսում է մրցութային հիմունքներով դրամաշնորհների տրամադրում նախադպրոցական միկրոծրագրեր իրականացնող հաստատություններին։
Մրցույթին կարող են մասնակցել Երևանի, ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունները, որոնք կներկայացնեն համապատասխան միկրոծրագրեր։
Դրամաշնորհները տրվում են մեկ տարի ժամկետով։
Ծրագրի նպատակն է` նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության
մեծացում։ Հաստատությունների կողմից ներկայացվող միկրոծրագրերը պետք է նպատակաուղղված լինեն`

  • նախադպրոցական կրթության ծառայությունների որակի բարձրացմանը,
  • նախադպրոցական կրթության համակարգի մատչելիության մեծացմանը,
  • նախադպրոցական կրթության իրականացման նոր` քիչ ծախսատար ծառայությունների ներդրմանը,
  • երեխային տարրական դպրոցին նախապատրաստմանը, նախադպրոցական տարիքի երեխայի կարողությունների և հմտությունների զարգացմանը նպաստելուն,
  • հաստատության աշխատանքների կազմակերպման գործում տեղական ինքնակառավարման մարմինների և ծնողների մասնակցության բարձրացմանը և այլն։

Նախադպրոցական կրթության նորովի կազմակերպումը, ծրագրերում առաջադրված խնդիրների լուծումը պետք է իրականացվեն համայնքի և ծնողների լայն մասնակցությամբ։
Առաջնահերթություն կտրվի քաղաքային, սահմանամերձ, սոցիալապես անապահով, ինչպես նաև այն համայնքներին, որտեղ չկան կամ չեն գործում նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2024թ. հունվարի 29-ը։
Դիմումի ձևին կարելի է ծանոթանալ այստեղ։ Ստորև՝ Ղեկավար ձեռնարկը. բյուջեի և նախահաշվի ձևաչափը: