ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է «Գոյ» թատրոնի՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին վերակազմակերպման ձևով վերամիավորմանը:

«Մենք ունենք վերակազմակերպման պարզ գործընթաց. «Գոյ» թատրոնն իր խաղացանկով, ստեղծագործական ազատությամբ, ֆինանսավորմամբ ընդամենը գործում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի հովանու ներքո, և սա այն պարզ ճշմարտությունն է, որ մենք ուզում ենք փոխանցել: Հավատացնում եմ՝ որևէ բան տեղի չի ունենում «Գոյ» թատրոնի հետ, այն մնալու է որպես ստեղծագործական միավոր և ունենալու է հավելյալ հնարավորություններ»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հարցին:

Ըստ նախարարի՝ այժմ ձևավորվելու է մեկ միասնական ՊՈԱԿ, որի ներքո գործելու է նաև «Գոյ» թատրոնը՝ ստեղծագործական անկախությամբ: «Սունդուկյանի անվան թատրոնն ունի բեմեր և տարածքներ, և դերասանական կազմն ու ռեժիսորն իրենց մտահաղացումներն ու գաղափարները կարող են իրագործել՝ օգտագործելով այդ հնարավորությունները: Լիահույս եմ՝ այս ամենը կբերի ստեղծագործական ազատության, նախաձեռնողականության և նոր ծրագրերի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: