Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, վերադարձել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայացած մեծ շրջագայությունից: Նվագախումբը 9 համերգով հանդես է եկել Չինաստանի հեղինակավոր համերգասրահներում, որոնցից 6 համերգի տոմսերն ամբողջովին սպառված էին:

Շրջագայությունը կայացել է «Armstrong Poly» երաժշտական գործակալության հրավերով, որը Չինաստանում ծավալում է իր գործունեությունը պետական հովանու ներքո և հանդիսանում է Չինաստանի լավագույն համերգասրահներում ամենանշանակալի համերգների կազմակերպիչը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները կայացել են 2023 թվականի դեկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 28-ին, 29-ին, 31-ին՝ Shanghai Grand Theatre (Շանհայ), Zhuzhou Shennong Grand Theatre (Չժուժոու), Changsha Concert Hall (Չանշա), Qianjnang Caoyu Grand Theatre (Ցիենցզյան), Guangxi Culture and Art Centre (Գուանժու), Changshu Grand Theatre (Չանշու), Baoji Grand Theatre (Բաոծի), Shanxi Grand Theatre (Շանսի), Shenyang Shengjing Grand Theatre (Շենյան) համերգասրահներում:

Համերգային ծրագրերում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի, Չայկովսկու, Յոհան Շտրաուսի, Բրամսի, Էնդրյու Ուեբբ-Միտչելի, Ռոսինիի, Պուչինիի, Բիզեի ստեղծագործությունները: Ազգային ֆիլհարմոնիկի հետ հանդես են եկել իռլանդացի անվանի դաշնակահար Բարրի Դուգլասը, չինացի ջութակահար Ռեյ Չժանը, չինացի սոպրանո Կոնստանս Սյուեն և Չուհայ քաղաքի Մանկական դասական երգչախումբը (Zhuhai Classical Children's Choir): Բոլոր համերգներն անցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Համերգները մեծ ոգևորությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից և զգալի հանրային արձագանք են ստացել: Համերգներին նախորդել են նշանակալի գովազդային արշավներ, բոլոր քաղաքներում ամենուր կարելի էր հանդիպել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի պաստառները: Այս շրջագայությունը մեծ իրադարձություն էր, որը Չինաստանում զգալի կերպով բարձրացրել է Հայաստանի ճանաչելիությունը և ամրապնդել հայ-չինական մշակութային կապերը:

2023 թվականը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը եզրափակել է աննախադեպ համաշխարհային շրջագայություններով՝ նոյեմբերից 17 համերգներով հանդես գալով Աթենքի, Սալոնիկի, Նյու Յորքի, Բոստոնի, Մոնրեալի, Տորոնտոյի և Պորդենոնեի հեղինակավոր համերգասրահներում: Սա մեծ և ծանր երաժշտական մարաթոն էր, որը նվագախումբը հաջողությամբ է հաղթահարել՝ Հայաստանը պատվով ներկայացնելով աշխարհին:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախորդ մասշտաբային շրջագայությունը կայացել է 2019 թվականի դեկտեմբերին և 2020 թվականի հունվարին: Նվագախումբը 10 համերգով հանդես է եկել Չինաստանի տարբեր քաղաքներում: Շրջագայությունը կազմակերպել էր նույն՝ «Armstrong Poly» երաժշտական գործակալությունը: