Ազգային ժողովի հունվարի 15-ի լիագումար նիստում քննարկվել է ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ըստ Մարտիրոսյանի՝ ԵԱՏՄ պետություններում գիտական աստիճանների փաստաթղթերը փոխադարձ ճանաչելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ստրատեգիական ուղղությունների իրականացման պլանի միջոցառումներից է:

«Միջոցառման նպատակը գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչման միջոցով աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները և սահմանափակումները վերացնելն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ըստ փոխնախարարի՝ համաձայնագրի վավերացումը կկարգավորի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ ԵԱՏՄ պետությունում աշխատանքի տեղավորման, աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիությունն ապահովվելու նպատակով այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար:
«Կա բացառություն, ըստ որի, եթե տվյալ պետությունում մինչև համաձայնագրի վավերացումը գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթը փորձաքննության է ներկայացվել և մերժվել է, ապա մերժումը շարունակում է պահպանվել»,- հավելել է Ա. Մարտիրոսյանը՝ պարզաբանելով համաձայնագրի վավերացումից հետո իրականացվող գործընթացի մանրամասները:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը նշել է, որ համաձայնագրի վավերացումը դրական ազդեցություն կունենա, մասնավորապես ազգությամբ հայ գիտնականների համար, որոնք ԵԱՏՄ երկրներում ստացել են իրենց գիտական աստիճանը: