Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ 2024 թվականի հունվարի 19-ին և 20-ին, Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մերձակա Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում կկայանա ֆրանսիացի անվանի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։

Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ծրագիրն իրականացվում է «Սաթէ-Աթղը» (Saté-Atre) թատերական միության հետ համատեղ: Ծրագրում ընդգրկված են ֆրանսիացի և հայ արտիստներ: Ներկայացումը ստեղծվել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից ոգեշնչված:

«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան առաջնախաղը տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հիշեցնենք՝ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է Վարպետի ծննդյան օրը՝ հունվարի 9-ին, Երևանի Կինոյի տանը՝ Փարաջանովի արձանի բացմամբ (քանդակագործ՝ Արա Ալեքյան):

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: