Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է ՀՀ մարզերում համայնքային մշակութային-ժամանցային կենտրոնների ձևավորման փորձարարական ծրագիր, որի նպատակն է մեկ միասնական դրամաշնորհային մրցույթի միջոցով գործող կամ առկա մշակութային ենթակառույցների հիման վրա առնվազն 10 մարզային համայնքներում ձևավորել ժամանակակից մշակութային և երիտասարդական միջավայր:

Այն միտված է մշակութային կյանքի ակտիվացմանը, հանրային ընթերցանության խրախուսմանը, գեղագիտական կրթության զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, երիտասարդական ներուժի բացահայտմանն ու շարունակական զարգացմանը, ակտիվ քաղաքացիության դրսևորման հարթակի ապահովմանը։

Ծրագրի մասին իրազեկելու, այդ թվում` համայնքային մշակութային-ժամանցային կենտրոնների ձևավորման և գործունեության կազմակերպման հայեցակարգը ներկայացնելու և շահագրգիռ կառույցների առաջարկ-նկատառումներով հայեցակարգը լրամշակելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է հանդիպում, որին հրավիրում է ծրագրով հետաքրքրված, այդ թվում՝ առաջնահերթաբար ծրագրի բովանդակային բաղադրիչներից որևէ մեկի կազմակերպման (ցանկալի է՝ բիզնես մոդելով) փորձառություն ունեցող կառույցների ներկայացուցիչներին։

Հանդիպումը տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍՆ–ում հունվարի 19-ին՝ ժամը 14.00-ին։

Վերոնշյալ հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք մինչև հունվարի 18-ը ներառյալ ՀՀ ԿԳՄՍՆ Երիտասարդության հարցերի վարչության էլ. փոստին` youth@escs.am, ուղարկել կազմակերպության անվանումը և կազմակերպության լիազորված աշխատակցի/ներկայացուցչի կոնտակտային տվյալները (անուն, ազգանուն, հեռախոս, էլ. փոստ)։ Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 599641 հեռ.-ով: