Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստի մեկնարկից առաջ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել Համահայկական ամառային խաղերի կազմակերպմանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը պարգևատրվել են Ոսկե մեդալով:

«Կարծում եմ, որ մեր հանրությունը, Սփյուռքի հայրենակիցներն էլ տեսել են այն արդյունքները, որոնք ունեցել ենք: Այս տեմպը պետք է պահենք և միասին շարունակենք մեր աշխատանքը: Այդ առիթով կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորին ջանքերի համար»,-նշել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և վստահություն հայտնել, որ ձմեռային խաղերը, որոնց անցկացումը նախատեսվում է 2025 թվականի փետրվարին, նույնքան արդյունավետ կանցնեն և կդառնան տոն բոլորի համար:

1999 թվականից անցկացվող ամառային վերջին խաղերը մասնակիցների թվով եղել են աննախադեպ և ռեկորդային. 7161 մասնակից՝ 42 պետությունից և 180 քաղաքից:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է հաշվետվություն Համահայկական ամառային խաղերի անցկացման նպատակով իրականացված ծախսերի վերաբերյալ:

Այնուհետև քննարկվել են խաղերի անցկացման վայրին, ժամկետներին, մարզաձևերին, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը: Մտքեր են փոխանակվել նախապատրաստական այլ հարցերի շուրջ: