Իտալիայի Վալ Պալոտ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի անդամ Գլեբ Մոսեսովը համառ պայքարում ապահովել է Հայաստանի հերթական մեդալը։

Առաջին փորձից հետո Գլեբը 8-րդն էր, երկրորդ փորձն ավարտել է 2-րդ տեղով։ Ընդհանուր հաշվարկում Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու բրոնզե մեդալ է նվաճել:

Մրցաշարին մասնակցել են 12 պետությունների 117 մարզիկներ։

Առաջիկայում՝ հունվարի 13-14-ը, Գերմանիայի Բերխտեսգադեն քաղաքում կայանալիք Եվրոպայի գավաթի փուլին Հայաստանն առաջին անգամ մասնակից կունենա՝ ի դեմս Գլեբ Մոսեսովի։

Հիշեցնենք՝ Մոսեսովը վերջերս արծաթե մեդալ էր նվաճել Շվեյցարիայի Պոնտրեսինա քաղաքում կայացած միջազգային մրցաշարի ոլորավայրէջք մրցաձևում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականն ու թիմային պայքարում դարձել բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված էին եղել Գլեբ Մոսեսովը և Ժիրայր Առաքելյանը: Առաջնության շրջանակում Մոսեսովն արծաթե մեդալ էր նվաճել ոլորավայրէջք ձևում: