ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 9-ին կայացած նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են «Թանգարանների մասին» օրենքի նախագիծն ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումները:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նա նշել է՝ նախագծի ընդունմամբ կամրագրվեն թանգարանային ոլորտի հասկացությունները, թանգարանների տեսակները, գործառույթները, Հայաստանի Հանրապետության պետական թանգարանում ժամանակավոր պահպանության հանձնելու, թանգարանի ֆոնդերը թանգարանային առարկաներով համալրելու, հաշվառելու, հանրայնացնելու սկզբունքները, թանգարանների և հավաքածուների աջակցության ձևերը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ օրենսդրական փաթեթի մշակումը պայմանավորված է Կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարման պահանջով:

«Կարգավորումների ընդունման արդյունքում կհստակեցվեն լիազոր պետական մարմնի լիազորությունները, ՀՀ ազգային թանգարանային հավաքածուի կազմը, դրանում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությունը, ժամանակավոր արտահանումը և այլն: Կամրագրվեն թանգարանների օգտագործման նպատակները, թանգարանների խորհրդի լիազորությունները»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Նա հավելել է, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև բնագավառում կկարգավորվեն իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունները:

Պատգամավորները հարցեր են ուղղել հիմնական զեկուցողին, որոնք վերաբերել են թանգարանների կարգավիճակի հստակեցմանը, ոլորտում աշխատողների թվին ու նրանց աշխատավարձերի բարձրացմանը, պետական թանգարանների նմուշների օտարման հնարավորությունների արգելքին և այլ թեմաների:

Նախագծի հարակից զեկուցումը ներկայացրել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ նախարարության հետ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթն առավել հանգամանալի քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել օրենսդրական փաթեթի ընդունմանը: