ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 90 տարեկանում կյանքից հեռացել է դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր, մանկավարժ, Հայաստանի գրողների միության անդամ Ռուբեն Արամի Մարուխյանը:

Գրական և թատերական աշխարհից պակասեց ևս մեկ արտիստական գույն: Ռուբեն Մարուխյանի ստեղծագործություններն առանձնանում են ինքնատիպ ոճով և պարզությամբ:

Ռուբեն Մարուխյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, Սերգեյ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացները։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող։ 1960-1970 թվականներին որպես ռեժիսոր՝ աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մանկական և երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, ստեղծել է տասնյակ մանկական հաղորդումներ, հեռուստաբեմադրություններ։ Աշխատել է նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Երևան» կինոմիավորումում, Երևանի պետական տիկնիկային թատրոնում՝ որպես բեմադրող ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն:

Ռուբեն Մարուխյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր էր. 1974 թվականից դասավանդել է հեռուստառեժիսուրա, դերասանի վարպետություն, դրամատուրգիա։ Նրա պիեսները բեմադրվել են Հայաստանի տարբեր թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոններում, արտերկրում։ Հեղինակ է չորս տասնյակից ավելի բեմադրությունների և ավելի քան 25 գրքի, այդ թվում՝ «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Չիկարելիի արկածները», «Մկնիկը» և այլն: Գրել է մի շարք հեքիաթներ, վիպակներ, որոնց մի մասը թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն և այլ լեզուներով։

1978 թվականից եղել է Հայաստանի գրողների միության, ինչպես նաև Հայաստանի ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորապես ցավակցում և իր զորակցությունն է հայտնում դրամատուրգի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին: