Ընդունվել են ռազմավարական ոլորտային կարևոր փաստաթղթեր՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացման ռազմավարությունները: Ստեղծվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, որի հիմնական նպատակը բարձրագույն կրթության և գիտության ինտեգրումն է:
Հանրակրթություն
2023 թ. աշխատանքները իրականացվել են 3 հիմնական ուղղություններով՝ բովանդակության կատարելագործում, մանկավարժների մասնագիտական զարգացում, ենթակառուցվածքների բարելավում։
Նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշիչը ներդրվել է 190 հաստատություններում. վերապատրաստվել են շուրջ 1500 մանկավարժներ, ներդրվել է տարակարգի շնորհման համակարգը: Նախադպրոցական համակարգում ամբողջությամբ ներդրվել է համընդհանուր ներառական կրթությունը, այս պահին մանկապարտեզ է հաճախում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1255 երեխա՝ նախորդ տարվա 229 երեխայի փոխարեն: Նրանց կրթության ապահովման համար անհրաժեշտ միջոցները տրամադրվել են պետական բյուջեից, սեպտեմբերից այս խմբին միացել են նաև զինծառայողների երեխաները:
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, համաձայն որի՝ մինչև 2024 թ.-ի հունիսի 1-ը բոլոր գործող տնօրենները պետք է հավաստագրվեն, այլապես չեն կարողանա պաշտոնավարել: 2023 թ.-ին հավաստագրմանը մասնակցել է 263 անձ։
Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման աշխատանքներն իրականացվել են հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում: Նոր մոտեցմամբ է իրականացվել դասագրքերի ստեղծումն ու տպագրումը, ինչը էապես փոխել է դասագրքերի որակը՝ միաժամանակ ընդլայնելով մասնակցության հնարավորությունները: Դասագրքերի ստեղծման նոր համակարգը ազդեցություն է ունեցել գնի վրա. միջինում մեկ դասագրքի հաշվարկով տարրական դպրոցում՝ 1044 դրամից 742 դրամ, միջին դպրոցում՝ 1722 դրամից 1249 դրամ։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման շրջանակում շարունակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը. 2023 թվականին կամավոր ատեստավորմանը մասնակցել է մոտ 4200 ուսուցիչ: Ընդհանուր առմամբ գործընթացի ներդրման երեք տարիների ընթացքում ատեստավորվել է 3830 ուսուցիչ, որոնք վարձատրվում են բարձրացված՝ 200.000 դրամ դրույքաչափով և ըստ ցուցաբերած արդյունքների՝ ստանում հավելավճար՝ 30-50 %:
Առաջին անգամ իրականացվել է նաև արտադպրոցական մանկավարժների կամավոր ատեստավորումը, որի արդյունքում ատեստավորված 44 մասնագետներն ստանում են լրավճար:
Ուսուցիչների խրախուսման մյուս համակարգը տարակարգն է. այս տարի 101 ուսուցիչների շնորհվել է տարակարգ. առաջին անգամ ունենք նաև 4-րդ աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչներ, որոնց աշխատավարձը 50%-ով բարձրացել է։
2023 թ. ներդրվել է ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանն ուղղված երկու այլ ծրագիր ևս՝ բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների 25% հավելավճարի տրամադրումը, որի շրջանակում շուրջ 8420 ուսուցչի աշխատավարձը բարձրացել է 1 ուսուցչի հաշվով միջինում 32 000 դրամով և մինչև 100 սովորող ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչների խրախուսում, որի շրջանակում գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցներում դասավանդող 3987 ուսուցչից 2975 ուսուցչի աշխատավարձի ավելացում է եղել 0,5 դրույքի չափով՝ միջինում 1 ուսուցչի հաշվով 71 700 դրամից դարձել է 115 300 դրամ:
Հանրակրթական դպրոցների կառավարման նոր համակարգը ներդրվել է 170 դպրոցում, որոնց տնօրենների պաշտոնավարման ժամկետը լրացել է 2023 թ-ին։ Կառավարման նոր համակարգի անցած դպրոցներում կրթության բովանդակային և վարչատնտեսական գործառույթների կառավարումն առանձնացված է:
Սեպտեմբերից դպրոցներում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդել, որի համաձայն նախկինում գործող երեխա-թվով ֆինանսավորումից անցում է կատարվել դասարան-թվով ֆինանսավորման, ինչը թույլ է տալիս առավել լավ պլանավորել ուսումնական գործընթացը։ Նոր ֆինանսավորմամբ նպատակային տողեր են առանձնացված նաև միջավայրի մատչելիության, խելամիտ հարմարեցումների, լաբորատոր նյութերի և այլնի համար։ Ֆինանսավորման նոր մոդելով ուսուցչի 22 ժամ դրույքաչափը նոր չափորոշչի ներդրվող դասարաններում հաշվարկում է տարրական դպրոցում 18 ժամ, միջին և ավագ դպրոցներում՝ 20 ժամ։
Մարզերում գործող դպրոցների տարրական դասարանների բոլոր սովորողները օգտվում են «Դպրոցական սնունդ» ծրագրից; Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում 2025 թ.-ից Երևանի դպրոցներում ևս ծրագիրը ներդնելու ուղղությամբ։
Շարունակվել է Կառավարության «300 դպրոց-500 մանկապարտեզ» ծրագրի իրականացումը։ Հաստատվել է ծրագրում ընդգրկված 293 դպրոցների ցանկը, դպրոցների մեծ մասի շինարարությունը կմեկնարկի 2024 թ. տարեսկզբին։ 2023 թ. ավարտվել են 29 դպրոցների և 114 մանկապարտեզների շինարարական աշխատանքները: Նոր կառուցված 29 դպրոցի մարզադահլիճի և 24 դպրոցի համար հատկացվել է գույք։ ԲՏճՄ լաբորատորիաներով են համալրվել Արմավիրի մարզի 88 դպրոցներ և բոլոր նորակառույց դպրոցները:
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն
Կառավարության կողմից հաստատվել և ԱԺ քննարկմանն է ներկայացվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը հնարավորություն կտա բարձրացնելու մասնագիտական կրթության որակը։ 13 ուսումնական հաստատությունում ընթանում են շինարարական աշխատանքներ, 7 հաստատություններ համալրվել են նոր գույքով։
Գերակա մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով վերանայվել է կրթաթոշակային քաղաքականությունը. գյուղատնտեսության, արդյունաբերության և շինարարության ուղղություններով սովորող ուսանողներին հատկացվել է 50 հազար դրամ կրթաթոշակ, որն ուղղակի ազդեցություն է ունեցել ընդունելության ցուցանիշների վրա:
Գիտության և բարձրագույն կրթության ոլորտում ամենակարևոր աշխատանքն «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հաստատումն ու «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ստեղծումն է:
Ժամանակակից արվեստ և գրահրատարակչություն
Ներդրվել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը, որը պիլոտային ռեժիմով կիրականացվի Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Հովհ․ Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում: Հաստատվել է թատերահամերգային կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննություններ անցկացնելու օրինակելի կանոնակարգը՝ սահմանվել են ելույթավճարների սկզբունքները: Օպերային թատրոնում արդեն իսկ կիրառվող ելույթավճարների նոր մոդելի արդյունքում նվագախմբի երաժշտի միջին ամսական աշխատավարձը կազմում է 333 000 դրամ, որից ելույթավճարը՝ 103 000 դրամ, աշխատավարձը՝ 230 000 դրամ:
Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնին շնորհվել է ազգային կարգավիճակ, փոփոխություն է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում կիրառվելու է ներդրումների մասնակի վերադարձի (cash rebate) համակարգը։ Կինոոլորտի և կինոարտադրության զարգացմանը մեծապես նպաստել է նաև ճանաչված և հեղինակավոր կինոարտադրողների հետ համագործակցությունը: Մասնավորապես հուշագիր է ստորագրվել «Փիփլ օֆ Ար» ընկերության հետ, համագործացություն է նախանշվում նաև Նեթֆլիքսի հետ։ «Ամերակացին» լիամետրաժ կինոնկարը ընդգրկվել է «Օսկարի» շորտ լիստում (ռեժիսոր՝ Միքայել Գուրջյան)։
2023 թվականին 9 թատերահամերգային կազմակերպության հատկացվել է 507 977․1 հազ դրամ՝ գույքի և նյութատեխնիկական բազայի բարելավման նպատակով:
Մշակույթի ապակենտրոնացման և մարզերի մշակութային կյանքի ակտիվացման նպատակով անցկացվել են փառատոններ (ՖեստիՎառ, Սայաթ-Նովա, Զարկ ֆեստ), մշակութային տարբեր միջոցառումներ սահմանամերձ շրջաններում, միջհամայնքային համատեղ նախաձեռնություններ, արտերկրի արվեստագետների համերգներ մարզերում:
2023 թ․ իրականացվել է 18 կրթական-մշակութային նախագիծ, որում ընդգրկված են եղել 550 դպրոց, 21000 աշակերտ, իրականացվել է ներառական 5 ծրագիր՝ 1800 մասնակցով:
Ներսես Շնորհալու մահվան 850-րդ (գիտաժողով, ցուցադրություն և հանդիսավոր համերգներ, այդ թվում Հունաստանում, Վատիկանում) տարելիցը և Հայ կինոյի 100-ամյակը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական տարեթվերի ցանկում։
Անցկացվել են Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված խաչատրյանական ծրագիրը (65 համերգ, 12 երկրում, ցուցահանդեսներ և գիտաժողովներ), Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ծրագիրը (17-ից ավելի միջոցառում):
Մասնակցություն է ապահովվել 110 միջազգային կինոփառատոնի (10 ֆիլմ և 28 մրցանակ), 20 միջազգային երաժշտական մրցույթի, 9 միջազգային թատերական փառատոնի, 4 նկարչական պլեների, Լառնակայի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին, մշակութային ծրագրեր Գերմանիայում, Հունգարիայում, Լեհաստանում:
Հայաստանը մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին (110000 այցելու)։ Անցկացվել է գրքի երևանյան միջազգային փառատոնը (25 միջոցառում, 7 երկիր, 200 գրող, 50 հրատարակչություն, 15 000 այցելու, 10000 վաճառված գիրք):
Իրականացվել են թարգմանական ծրագրեր (17 գիրք 9 լեզվով, 26 գրող, հետազոտող և թարգմանիչ), հայկական մշակույթին նվիրված օտարալեզու հրապարակումներ՝ 6 անուն գիրք։
Աջակցություն է տրվել 28 պարբերականի, այդ թվում ազգային փոքրամասնությունների լեզուներով։ 2024 թ. կարևոր հոբելյանական միջոցառումներից են Շառլ Ազնավուրի Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանները, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս տարվա հոբելյանական ցանկերում:
Մշակութային ժառանգություն
Ընդունվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և հարակից մի շարք այլ օրենքների փոփոխության փաթեթը։ Ազգային ժողով է ներկայացվել «Թանգարանների մասին օրենքի» նախագիծը:
Թանգարաններում ներդրվել է տոմսերի նոր սակագնային փաթեթ, մինչև 12 տարեկան երեխաների համար սահմանվել է անվճար մուտք: Դպրոցական բաժանորդային ծրագրից 2023 թ. ընդհանուր առմամբ օգտվել է 205707 աշակերտ:
Մշակութային արժեքների արտահանումը կազմակերպվում է գործարկված ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am):
Ստեղծվել է «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը, ներդրման առաջին փուլում է նախարարության ենթակայության թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային համակարգը:
Վերականգնվել է ՀՀ թանգարանային ֆոնդի համալրման նպատակով բյուջետային միջոցների տրամադրումը՝ 44 մլն 320 հազար դրամ, հագեցվել է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, նախարարության ենթակայության գրադարանների ու թանգարանների նյութատեխնիկական բազան: Վերանորոգվել են Մինաս Ավետիսյանի և Գևորգ Գրիգորյանի (ՋՈՏՏՈՅԻ) թանգարանները, մեկնարկել են Հ․ Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքները:
14 արժեքով համալրվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը: Իրականացվել են 11 ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության դրամաշնորհային ծրագրեր ՀՀ 50 համայնքներում և Ջավախքում:
2023 թ-ին իրականացվել են 8 հուշարձանի վերականգնման աշխատանքներ,մշակվել են հուշարձանների տարածքներում տեղեկատվական կենտրոնների նախագծային փաստաթղթերը, որոնցից 3-ը 2024 թ․ կտեղադրվեն:
Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել պատմամշակութային արժեք ներկայացնող 36 կառույցի, հաստատվել է 82 պահպանական գոտու նախագիծ, տրվել է
55 հուշարձանի հնագիտական ուսումնասիրության թույլտվություն, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերականգնվել կամ վերականգնման ընթացքում է 10 հուշարձան:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում են գրանցվել «Գյումրիի դարբնության ավանդույթը», Կոմիտասի ստեղծագործությունների հավաքածուն, հավանության է արժանացել «Տաթևի և Տաթևի Անապատ վանական համալիրները և Որոտանի հովտի հարակից տարածքները» հուշարձանին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ ՀՀ ներկայացրած հայտը:
Ֆրանսիայի հետ համագործակցությամբ մշակութային ժառանգության պահպանության ոլորտի մասնագետների համար կազմակերպվել է վերապատրաստումների 14 դասընթաց, Հայաստանն առաջին անգամ տաղավարով մասնակցել է Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան մայրաքաղաք տոնավաճառին:
Լեռնային Ղարաբաղի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցով ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար դիմել է մշակույթի պահպանությամբ զբաղվող տարբեր միջազգային կառույցների և կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ, Համաշխարհային հուշարձանների հիմնադրամ, Համաշխարհային ժառանգության հիմնադրամ, Հնագետների Եվրոպական Ասոցիացիա, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդ, Թանգարանների միջազգային խորհուրդ, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար:
Միջազգային համագործակցություն
Ստորագրվել են շուրջ 15 փաստաթղթեր, որոնցից 9-ը երկկողմ ձևաչափով, իսկ 6-ը՝ միջազգային տարբեր կառույցների հետ։
Շարունակվել է համագործակցությունը ՄԱԿ-ի, Եվրոպական միության, Եվրոպայի Խորհրդի, ԱՊՀ, ԵԱՏՄ, Ֆրանկոֆոնիայի և այլ կառույցների շրջանակում. հիշարժան են մշակույթի ոլորտում «Ստեղծագործ Եվրոպա», կրթության ոլորտում «Էրազմուս+» և գիտության ոլորտում «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրերը ԵՄ հետ։ Շարունակվել է նաև ակտիվ երկխոսությունը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ և միջազգային գործընկերների հետ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կրթական կարիքների, ԼՂ-ի մշակութային ժառանգության պահպանման խնդիրների շուրջ։
Հաստատվել է Եվրոպայի Միության կողմից «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» բյուջետային աջակցության ծրագիրը (32 մլն եվրո):
Սփյուռքի հետ կրթամշակութային համագործակցություն
2023-2024 ուսումնական տարում ՀՀ բուհերում սովորող օտարերկրյա ու սփյուռքահայ ուսանողների ընդհանուր թիվը աճել է 8.4%- ով՝ կազմելով՝ 8333 ուսանող, որից` 4229-ը սփյուռքահայ (այդ թվում՝ պետպատվերով սովորող 330 սփյուռքահայեր):
ՀՀ քոլեջներում, ուսումնարաններում սովորում է 563 օտարերկրյա քաղաքացի, որից 532-ը` սփյուռքահայ (2% աճ):
Մշակվել է ՀՀ բուհեր օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերի ընդունելության և հաշվառման էլեկտրոնային հարթակը, որի շահագործումը նախատեսվում է 2024-2025 ուստարում: Լրամշակվում է 2011 թվականից գործող օտարերկրացիների ընդունելության կարգը:
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը իրականացվել է 13 պետությունների 15 գիտակրթական հաստատություններում, որոնցից 2-ը ծրագրում ընդգրկվել են 2023 թ-ին (Թրակիայի Դեմոկրիտ համալսարան (Հունաստան), Սինալոայի համալսարանի (Մեքսիկա)):
Հաստատվել է «Համագործակցության ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հայեցակարգը»:
Կազմակերպվել է սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կարողությունների հզորացում ծրագիրը, որն անցկացվել է 7 ծրագրային ուղղություններով՝ 120 ժամ տևողությամբ:
23 երկրի 220 կրթօջախի տրամադրվել է 38570 կտոր ուսումնական նյութ, որից 21970-ը՝ 57%-ը Վրաստանին: Ձևավորվել է սփյուռքի դպրոցների ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարանը՝ https://lib.armedu.am/category/67, որն աստիճանաբար համալրվում է նոր դասագրքերով և նյութերով։
Երիտասարդություն
2023 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ընդհանուր իրականացվել է 25 ծրագիր 2,190,393.800 ՀՀ դրամ ֆինանսավորմամբ։
Մեկնարկել են «Երիտասարդության մասին» օրենքի և երիտասարդության ազգային ինդեքսի մշակման աշխատանքները:
Փոխվել է «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմակերպման կանոնակարգը (էականորեն ավելացել է քաղաքացիների մասնակցության կշիռը): Գավառը ճանաչվել է է 2024թ. երիտասարդական մայրաքաղաք:
Պետական միջոցներով ստեղծվել են երկու երիտասարդական կենտրոններ՝ Տավուշի մարզի Դիլիջան և Արագածոտնի մարզի Ապարան համայնքներում: Իրականացվել են կարողությունների զարգացման 9 ծրագրեր:
Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական գաղափարների մրցույթը. երիտասարդների կողմից 5 անվանակարգերում ներկայացված 67 հայտերից 5-ը ստացել են մրցանակ՝ յուրաքանչյուրը 500 հազար դրամ:
2023թ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շահառու է դարձել ևս 733 ընտանիք, որոնք պետական սուբսիդավորմամբ ձեռք են բերել բնակարան, որից 179-ը՝ Երևանից, 554-ը՝ մարզերից։ Ընդհանուր առմամբ 2010թ․-ի ծրագրի մեկնարկից ի վեր շահառուների ընդհանուր թիվը կազմել է 8140։ Նախորդ տարվա դրությամբ շահառու է համարվել 6412 երիտասարդ ընտանիք (գործող վարկեր), որոնց համար 2023թ. պետական բյուջեից տրված փաստացի սուբսիդավորումը կազմել է շուրջ 1 մլրդ 816 մլն դրամ։
Սպորտ
2023 թվականին 35 մարզական ֆեդերացիաներին հատկացվել է 1 755 300 000 (մեկ միլիարդ յոթ հարյուր հիսունհինգ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: ֆեդերացիաներն անցկացրել են 98 ՀՀ առաջնություն, մասնակցել են 213 միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների, կազմակերպել են 169 ուսումնամարզական հավաքներ (տարբեր տարիքային խմբերով):
Տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում, եվրոպական, ԱՊՀ, Ֆրանկոֆոնյան խաղերում ՀՀ հավաքականների մարզիկները նվաճել են 445 մեդալ (որից 25-ը կանայք), այդ թվում՝ 125 ոսկե, 127 արծաթե և 193 բրոնզե:
«Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով 2023 թվականին սպորտային նպաստ է ստացել 94 մարզիկ, 72 անձնական մարզիչ, 32 գլխավոր և ավագ մարզիչ, 13 բժիշկ և մերսող: ՀՀ կառավարության տարբեր ծրագրերով 2023 թ. 64 մարզիկ և մարզիչ ստանում են մինչև 500.000 դրամ, 24 մարզիկ և մարզիչ՝ 500.000-1 մլն դրամ, 2 մարզիկ՝ 1 մլն-ից ավելի ամսական նպաստ և անվանական թոշակ: 70 մարզիկ ստացել է տարեվերջյան մինչև 500.000 դրամ միանվագ պարգևատրում, 45 մարզիկ՝ մինչև 1 մլն դրամ, 91 մարզիկ՝ 1 մլն դրամից ավելի: Տարվա արդյունքներով ձեքբերումների և նվաճումների համար 1 մարզիկ ստացել է ընդհանուր 18 մլն դրամ: 2023 թ. 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը 5 մլն դրամով:
2023 թվականին ամսական պատվովճար են ստացել տարբեր տարիներին բարձր արդյունքներ ցուցաբերած 79 մարզիկներ: Տարեվերջյան միանվագ պարգևատրում են ստացել 15 մարզաձևից 205 մարզիկ, նրանց մարզիչները և մեծահասակների հավաքականների բժիշկները: 2022 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերած ՀՀ հավաքականների 130 մարզիկներին, նրանց անձնական 112 և հավաքականների 40 մարզիչներին նշանակվել է անվանական թոշակ՝ 2023թ. հունվարի 1-ից:
ՀՀ-ում անցկացվել են 5 խոշոր մրցաշար.
- Ապրիլի 15-23-ը ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 40 երկրի 600 մասնակիցներ /Հայաստանի հավաքականը նվաճել է 13 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե/:
- Ապրիլի 23-ից մինչև մայիսի 4-ը բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 39 երկրի 350 մասնակիցներ/ երիտասարդների Հայաստանի հավաքականը նվաճել է 13 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե/:
- Նոյեմբերի 10-12-ը սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 71 երկրի 700 մասնակիցներ /Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ՝ 5 արծաթ, 5 բրոնզ/:
- Նոյեմբերի 12-ին՝ սպորտային պարերի աշխարհի երիտասարդների լատինամերիկյան առաջնությունը, որին մասնակցել են 33 երկրի 120 մասնակիցներ:
- Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ն անցկացվել է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 52 երկրի 450 մասնակիցներ/ Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ՝ 4 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե/:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 61 մարզական կազմակերպություններին հատկացվել է 29 անվանում մարզական գույք: Շարունակվել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը, ինչպես նաև Գյումրու Մանկապատանեկան համալիր մարզադպրոցի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի մարզական համալիրի կառուցման աշխատանքները: Ավարտվել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի վերանորոգումը, Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներն ավարտման փուլում են: Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականին: Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճներում իրականացվում են ուժեղացման աշխատանքներ:
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 մարզական մասսայական միջոցառում՝ սիրողական խճուղային հեծանվավազքի, խճուղավազքի, լողի, սեղանի թենիսի, դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարերը, որոնց մասնակցել է 6496 մարդ: Իրականացվել են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև բանակային խաղերը, այլ մարզական մասսայական միջոցառումներ: Ընդհանուր առմամբ նախարարության կողմից իրականացված մարզական մասսայական միջոցառումներին 2023 թվականին մասնակցել է 40228 մարդ: